News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գեւորգ Պողոսյանի նախագահությամբ, մեկ ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մանուչարյանի պաշտպան Արման Թամրազյանը։

Հարություն Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ մասին 1-ին մասերի հատկանիշներով (պաշտոնեական կեղծիքը)։

Հարություն Մանուչարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

«Հարություն Մանուչարյանը կալանավորվել է անհիմն ու ապօրինի։ Նրան մեղսագրված հոդվածների համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները լրացած են։ Այսինքն, առկա է քրեական հետապնդումը բացառող հանգամանք, բայց դատարանն այդ հանգամանքը անտեսել է եւ այդ դեպքում անձի նկատմամբ կալանավորումն ընտրել որպես խափանման միջոց, թեեւ Վճռաբեկ դատարանի նախադեպերով եւ օրենսդրական ակտերի համաձայն՝ նա իրավունք չուներ նման պայմաններում խափանման միջոց ընտրել։ Վարույթն իրականացնող մարմինը հետապնդում իրականացնելու իրավունք չուներ։ Երեք տարի այդ գործը քննել են եւ միայն երեք տարի հետո են հասկացել, որ էսպիսի մեղադրանք կա, եւ որոշել են մեկ օրվա մեջ ձերբակալել ու կալանքի տանել, դատարանն էլ, բնականաբար, վարույթն իրականացնող մարմնի քմահաճույքը կատարել է»,- ասաց պաշտպանը։

Նրա խոսքով՝ Քննչական կոմիտեն Բերդ համայնքի ղեկավարին քրեական պատասխանատվության ենթարկելու անհագ ցանկություն է ունեցել, եւ քննություն է  կատարել Հարություն Մանուչարյանի պաշտոնավարման ընթացքում նրա գործունեությանն առնչվող բոլոր ոլորտներում։

«Երեք տարի պրպտելուց հետո գտել են ընդամենը մի դեպք, որի վաղեմության ժամկետն անցել է, մի կողմ եմ դնում այն, թե  այդ արարքը իրականության մեջ գոյություն ունի՞, հիմնավորվա՞ծ է, թե՝ ոչ։  Ըստ առաջադրված մեղադրանքի՝  Հարություն Մանուչարյանի որդին՝  Անուշավան Մանուչարյանը, շինարարություն է իրականացրել, եւ 5500 մետր սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի հենապատ կառուցելու ընթացքում հենապատը մի քանի մետր համայնքային հողում է հայտնվել։ Հարություն Մանուչարյանը, ի պաշտոնե, այդ մասին տեղեկացել է 2020 օգոստոսի 27-ին, երբ հողօգտագործման բաժնի պետը, նրա որդու  դիմումի համաձայն, գնացել ու տեղում արձանագրել է, որ մի մասը հայտնվել է համայնքի հողում։ Վարչական վարույթ են հարուցել, ու քանի որ պատերազմը սկսվել է սեպտմեբերի 27-ին, վարչական վարույթը կասեցվել է, այդ ընթացքում վարչական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցել է։ Ինքնակամ կառույցի մի մասն է համայնքային հողում եղել, էդ հիմքով ամբողջ կառույցը համայնքը դարձրել է իր սեփականությունը եւ վաճառել կառուցապատողին՝ Անուշավան Մանուչարյանին։ Բացի այն, որ համայնքի բյուջեն գումար է մուտքագրվել, այլեւ այդ հողամասը համայնքից դուրս, ճանապարհին գտնվող, քարքարոտ եւ  որեւէ մեկին ոչ պիտանի տարածք է, բայց վարույթն իրականացնող մարմինը  դիտարկել է, որ այդ արարքը Քրեական օրենսգրքի  308-րդ հոդվածի հատկանիշներ է պարունակում, բայց հանցակազմ գոյություն չունի»,- նշեց Արման Թամրազյանը։

Ըստ պաշտպանի՝  համայնքապետին կալանավորել են այն հիմնավորմամբ, որ նա   վարչական պատասխանատվության միջոց չի կիրառել։ «Քննիչն իր որոշման մեջ գրել է, որ Հարություն Մանուչարյանը 2018 թվականի հունվար ամսից իմացել է, որ իր որդին ապօրինի կառուցապատում է իրականացնում, բայց դրա վերաբերյալ դատարանին ոչ մի ապացույց չի տրամադրել»։

Ըստ պաշտպանի՝ 2019 թվականին Հարություն Մանուչարյանին երկու անգամ հարցաքննության են հրավիրել։ «Եկել են քաղաքապետարանից, փաստաթղթեր առգրավել, աշխատողների մեծ մասին հարցաքննել են, Բերդ համայնքից բազմաթիվ քաղաքացիների են հարցաքննել, որեւէ տվյալ չկա, որ այդ մարդկանց վրա Հարություն Մանուչարյանը կամ փորձել է, կամ էլ անօրինական ազդեցություն է ունեցել։ Երեք տարի հետո քննիչը միջնորդություն է ներկայացրել, ասում է՝ քննությունը գտնվում է ակտիվ փուլում, դատարանն էլ որոշել է՝ «քանի որ քննությունը ակտիվ փուլում է, կարեւոր չէ Մանուչարյանի անօրինական վարքագիծ չդրսեւորելը, դրանից չենք կարող ենթադրել, որ այսուհետ չի դրսեւորի»»։

Արման Թամրազյանը Բերդ համայնքի ղեկավարին կալանավորելը դիտարկում է որպես պատիժ իշխանությունների կողմից։ 

«Հարություն Մանուչարյանին պատժել են նրա համար, որ նա 2020 հունիսի խորհրդարանական ընտրությունների ժամանակ գործող իշխանություններին չի հարել։ Պատժեցին, թե գնա նստի, ոչինչ, որ հանցակազմ չկա, ոչինչ, որ վաղեմությունն անցած է, բայց քեզ պատժում ենք իշխանությունների օգտին չաշխատելու համար, քո առանձին քաղաքական հայացքներն ունենալու համար։ Քաղաքական հետապնդում է սա»,- հայտարարեց Բերդ համայնքի ղեկավարի պաշտպանը։

Պաշտպանը Վերաքննիչ դատարանում բողոքարկելու է առաջին ատյանի դատարանի որոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ