News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Բորիս Բախշիյանի, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ընթանում էր Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի, Արմեն Անդրեասյանի, Նվեր Մկրտչյանի, Վազգեն Ազարյանի, Զոհրապ Առաքելյանի, Արամ Գասպարյանի եւ Հայկ Եղիազարյանի գործով դատական նիստը։

Այսօրվա նիստին գործով մեղադրող դատախազը հրապարակեց գործով ամբաստանյալների մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ Գործով ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքը չընդունեցին։

Պաշտպանական կողմին մեղադրանքի փաստական մասն անհասկանալի էր, եւ պաշտպանները դիմեցին, որպեսզի ներկայացվեց մեղադրանքի փաստական մասերը։

Սակայն գործով մեղադրող դատախազը առարկեց պաշտպանների միջնորդության դեմ, նշելով, որ այս փուլում մեղադրանքի պարզաբանումը այն ձեւաչափով, որով ակնկալվում է պաշտպանության կողմից ստանալ, իրենից ենթադրում է քրեական գործում առկա ապացույցների հետազոտումը։

Քաջարանի համայնքապետը, որը մի քանի ամիս է՝ կալանքի տակ է, նշեց, որ իրեն բովանդակությունը պարզ է, սակայն մեղադրանքը չի ընդունում։

«Թող չմոռանան, որ ես երկրորդ անգամ ընտրված համայնքի ղեկավար եմ։ Մեղադրանքը չեմ ընդունում։ Մարդկանց սոցիալական վիճակը, որ բարելավված է, այսօր մեղադրում են ինձ կաշառակերության համար։ Ինձ մեղադրում են քաղաքում անձնական  ներդրումներ անելո՞ւ  համար։ 140 հազար դրա՞մ, գոնե ուրիշ բան ասեք, ամոթ է»,- նշեց նա։

Մանվել Փարամազյանի պաշտպան Լուսինե Սահակյանն էլ իր հերթին ասաց՝ ներկայացված մեղադրանքում անհասկանալի հատվածներ կան. «Ասվում է, որ Փարամազյանը մի քանի օր աշխատանքի չի ներկայացել, ինչպես Փարամազյանը նշեց՝ պետք է ձեւակերպեր գործուղում, դեռ 1 միլիոն էլ գումար վերցներ համայնքից գործուղման, չի արել։ Ասվում է՝ այդ օրերին չես աշխատել, բայց աշխատավարձ ես ստացել, բայց աշխատել ես, որոշումներ ես ստորագրել, դրա համար մեղադրում են։ Հիմա ուզում ենք հասկանալ՝ արդյոք Փարամազյանն աշխատե՞լ է, թե՞ ոչ»։

Հիշեցնենք, որ Մանվել Փարամազյանը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը պարտակելու եղանակներով Արմեն Անդրեասյանին հափշտակելուն օժանդակելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ ՀՀ Քաջարան համայնքի Լեռնագործների 18 հասցեում գրանցված մոլիբդենային, պղնձի եւ այլ գունավոր մետաղների արդյունահանմամբ ու հարստացմամբ զբաղվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 65, 403, 333 ՀՀ դրամ գույքը, Նվեր Մկրտչյանի եւ Քաջարանի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի պետ Վազգեն Ռուշանի Ազարյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողությունների կատարմանը նպաստելու համար:

Բացի այդ, Մանվել Փարամազյանը, Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի կառավարող Ռոզա Ստեփանյանի, նույն համայնքի ղեկավարի տեղակալ Զոհրապ Առաքելյանի, ինչպես նաեւ Քաջարանի համայնքապետարանի՝ դեռեւս ինքնությունները չպարզված այլ աշխատակիցների օժանդակությամբ, շահադիտական դրդումներով պաշտոնեական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով եւ կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով 2018-2019 թվականների ընթացքում կատարել է պաշտոնեական կեղծիքներ:

Դրանից բացի, Մանվել Փարամազյանը պաշտոնեական դիրքն օգտագործելով, Ռոզա Ստեփանյանի, Զոհրապ Տիգրանի Առաքելյանի, ինչպես նաեւ համայնքապետարանի՝ դեռեւս ինքնությունները չպարզված այլ աշխատակիցների օժանդակությամբ, կատարել է Քաջարան համայնքի՝ իրեն վստահված զգալի չափերով գումարի յուրացում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ