News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Էրդողանի հայտնի խոսքերից հետո մարդկային տրամաբանության հանդեպ վիրավորանք է խոսել այն մասին, որ Թուրքիան չունի նախապայմաններ Հայաստանի հետ փոխհարաբերություններում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի այն հայտարարությանը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Ադրբեջանը հենց սկզբից «կարմիր գիծ» է եղել Անկարայի համար:

Քաղաքագետը այն կարծիքին է, որ որքան հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը խորանում է, այնքան պահանջները մեծանում են:

«Թուրքիայի նախագահը ասել է, որ իրենց համար «կարմիր գիծ» է Ադրբեջանը,  և երբ որ Ադրբեջանի խնդիրը լուծվի, այդ ժամանակ Թուրքիայի «դռները» կբացվեն Հայաստանի համար: Ադրբեջանն էլ ասում է, որ Հայաստանը ճանաչի Արցախը Ադրբեջանի կազմում, դուրս բերի իր զորքերը Արցախից, հրաժարվի նորակոչիկներ ուղարկել Արցախ: Հայաստանը տրամադրի Ադրբեջանին «Զանգեզուրի միջանցքը» այն տրամաբանությամբ, ինչպես գործում է Լաչինի միջանցքը, վերադարձնի Հայաստանի տարածքում գտնվող «ադրբեջանական անկլավները»: Սա այն է, ինչ Ադրբեջանը պահանջում է հրապարակավ: Էրդողանը ասում է՝ երբ այս պահանջները կատարվեն, այդ ժամանակ կբացվի սահմանը:: Թուրքիան մեր տարածաշրջանում իր քաղաքականությունը իրականացնում է իր պռոքսի հանդիրացող Ադրբեջանի միջոցով: Իշխանության քաղաքական-վերլուծական շրջանակներում տարածված է մի մոտեցում՝  Ադրբեջանին փոխզիջումներ անեն, գուցե Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորվի: Զիջումներով հարաբերություններ կարգավորելու գործընթացը՝  անվերջանալի զիջումների ճանապարհ է: Այդ ճանապարհի վերջում ոչ թե կբացվեն սահմանները, այլ կփակվի Հայաստանի վերջին էջը»,-ասաց նա:

Նախօրերին Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը այցելել էր հայ-թուրքական սահման: Երեկ Արտաքին հարաբերությւոնների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը  այցը գնահատել էր դրական և ասել, որ Քըլըչի այցը սահման խոսում է այն մասին, որ պայմանավորվածությունները արդեն գործնական փուլ են մտնում: Քաղաքագետը վստահեցնում է, որ այս այցի դիմաց դեռ Հայաստանից նոր զիջումներ են կորզելու:

«Քանի դեռ հարցի բովանդակային-քաղաքական մասը չի լուծվել, հայ-թուրքական սահմանը չի բացվելու»,- եզրափակեց Բենիամին Մաթեւոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ