News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետեւանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռուբեն Աղաբեկի Պողոսյանը։

19–ամյա Ռուբենը Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքից էր։ Նա բանակ էր զորակոչվել 2021 թվականի հուլիսին, ծառայում էր Ճամբարակում։

NEWS.am-ի հետ զրույցում նրա քույրը՝ Անահիտը պատմեց, որ Ռուբենը զոհվել է Վերին Շորժայի ուղղությամբ մարտերի ժամանակ։ Նա բուժակ էր։

«Ռուբենը սեպտեմբերի 13–ի առավոտյան խոսել է ծնողների հետ, ասել, որ հրազենային վիրավորում ունի ոտքի շրջանում։ Ռուբենը գիշերն է վիրավորվել, ինքն իրեն բուժօգնություն է ցուցաբերել ու հերոսաբար մինչեւ իր կյանքի վերջը օգնել վիրավոր ընկերներին։ Մենք հետո ենք իմացել, որ ինքը նահանջի հրաման է ստացել, բայց չի նահանջել եւ շարունակել է այդ վիճակում վիրակապել  մարտական ընկերներին։ Թե ինչ հանգամանքներում է Ռուբենը զոհվել՝ տեղեկություն չունենք։ Գիտենք միայն, որ ինքը ամբողջ ժամանակ իր  հրամանատարի՝ Տարոն Սիմոնյանի հետ է եղել,  ամենայն հավանականությամբ իրար հետ էլ զոհվել են։ Վերադարձած գերիներից մեկն էլ Ռուբենի հայրիկին պատմել է, որ ինքը փրկվել է Ռուբենի վիրակապերի շնորհիվ»,– պատմեց Անահիտը։

Ռուբենն ավարտել էր Երեւանի պետական հենակետային բժշկական քոլեջի ատամնատեխնիկական բաժինը։ Նա նպատակ ուներ բանակից վերադառնալուց հետո ընդունվել Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դիմածնոտային վիրաբուժության բաժին։

Ռուբենը ընտանիքի կրտսեր զավակն է, իրենից մեծ երկու քույր ունի։

Ռուբենին հուղարկավորել են հոկտեմբերի 6–ին, զինվորական կարգով, ընտանեկան գերեզմանատանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։

Վերջին տվյալով՝ զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի։ Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը  32 զինծառայողի մարմին էր փոխանցել հայկական կողմին,  սեպտեմբերի 20-ին՝ 95, իսկ սեպտեմբերի 23–ին՝ եւս 6 մարմին։ Գերեվարվել էր 20 զինծառայող։ Հոկտեմբերի 4–ին, ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների։

Տպել
Ամենաշատ