News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վանաձորում նոյեմբերի 25-ին Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ծեծի են ենթարկվել 3 քաղաքացի: Տուժածներից երկուսը հոսպիտալացված են և բուժում են ստանում Վանաձորի բժշկական կենտրոնում:

NEWS.am-ին տուժածների հարազատը՝ Արեն Ջերոյանը, որը ականատես է եղել ծեծկռտուքին, պատմեց, որ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Պարեկային ծառայության աշխատակիցները փորձել են ճանապարհն ազատել պաշտոնյաներից մեկի շարասյան համար և այդ ընթացքում վեճի բռնվել իր քրոջ ամուսնու հայրիկի՝ Ռաֆիկ Ավետիսյանի հետ, որը պարզապես խնդրել էր իր հետ հարգանքով խոսել:

«Ռաֆո ձյաձյան տաքսու վարորդ է: Չգիտեմ՝ ինչ պաշտոնյա է Վանաձորից գնալիս եղել, իր շարասյունն է եղել, պարեկներն ասել են՝ աջ քաշի, սպասի, մյուս պարեկը չի նկատել, որ իրենց ընկերն է ասում, գոռացել է՝ ո՞ւր ես մտնում, հլը դրան բռնեք, բերեք, Ռաֆո ձյաձյան դուրս է եկել մեքենայիս, ասել է՝ ամոթ է, հորդ տարիքին եմ, ինչո՞ւ ես իմ հետ էդպես խոսում, քո ընկերն է ասել, որ աջ քաշեմ, կանգնեմ, ես էլ աջ եմ մտնում: Այսպես ասած՝ մի փոքրիկ կոնֆլիկտ է եղել այդ ժամանակ, միջամտել է նաև Ռաֆո ձյաձյայի որդին ու վերջ: Պարեկները գնում են, իրենք էլ գալիս են ավտոմասերի արհեստանոց՝ ընդմիջման:

Այդ միջադեպից անցնում է մոտ երկու ժամ, քրոջս տղան եկել էր դասից արհեստանոց, ես էլ գնացել էի երեխային հաջող անելու, գնում էի աշխատանքի, մոտ 3 րոպե էր կանգնած էինք, մոտ 8 մեքենայով եկան, ներկաներից փեսուս եղբորը քաշքշեցին, երեխան մոտեցավ, ես գոռացի, որ երեխուն հանկարծ չկպնեն, հիվանդ է ու անչափահաս, բայց արդեն ուշ էր, որ սկսեցին հորեղբորը ծեծել, երեխան վազեց, արցունքաբեր գազ օգտագործեցին, ոչ մեկս ոչինչ չէինք տեսնում, բոլորիս ծեծեցին, արհեստանոցը ջարդեցին»,- պատմեց ականատեսը:

Տուժածների հարազատը պատմեց, որ 17-ամյա անչափահաս տղան ընկել է կոմայի մեջ, որոշ ժամանակ անց դուրս եկել, ունի սալջարդեր, իր փեսայի եղբայրը՝ Ռադիկը, կողոսկրերի կոտրվածք ունի. «Տղային մի կերպ կոմայից հանեցին, սալջարդեր ունի: Ռադիկի կողերը լրիվ կոտրվել են, թոքերը ջուր է լցվել»:

Արեն Ջերոյանն ասաց, որ իր նկատմամբ նույնպես արցունքաբեր գազ են օգտագործել. «Ես էլ ալերգիա ունեմ, արցունքաբեր գազի հետևանքով մինչև հիմա դժվարությամբ եմ տեսնում, այսօր նոր կարողացել եմ լվացվել»:

Դեպքին այսօր անդրադարձել է Քննչական կոմիտեն, նշելով, որ նախաձեռնվել են մի շարք քրեական վարույթներ: ՔԿ-ն սակայն դեպքն այլ կերպ է ներկայացրել, ըստ որի՝ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի ենթարկվել ոստիկանության աշխատակցի հրահանգներին, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչից հետո ոստիկանության աշխատակիցներից մեկը վարչական իրավախախտումն արձանագրելու համար մոտեցել է վարորդին, սակայն բենզալցակայանի տարածքում գտնվող քաղաքացին մոտեցել և խոչընդոտել է ոստիկանության աշխատակցի օրինական գործողություններին: Մոտեցել են նաև այլ քաղաքացիներ, որոնցից մեկը ձեռքով հարվածել և հայհոյել է դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներից մեկին:

Ըստ հաղորդագրության՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության այլ աշխատակիցներ ևս, որից հետո մի շարք քաղաքացիներ կրկին դուրս են եկել և վիճաբանել վերջիններիս հետ, իսկ նրանցից մեկը մետաղյա ձողով հարձակվել է ոստիկանության աշխատակցի վրա, որը կանխվել է այլ քաղաքացիների կողմից, իսկ քաղաքացիներից մեկը հեղուկ է ցողել ոստիկանների ուղղությամբ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) և 452-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) հատկանիշներով:

Նշենք, որ այդ միջադեպի մասին ահազանգել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: Նա գրել էր, որ այդ շարասյունը պատկանում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ըստ պատգամավորի՝ ոչնչացվել են միջադեպը տեսագրած տեսախցիկների նյութերը և միջադեպի մասնակիցներին հորդորել են որևէ կերպ չբարձրաձայնել դեպքի մասին:

Տպել
Ամենաշատ