News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը

«Մալաթիայի» տոնավաճառը վաղը՝ փետրվարի 4–ին, կվերսկսի աշխատանքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մալաթիայի» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը։

«Մենք վաղը կաշխատենք, բայց այսօր պետք է հասցնենք ավարտին հասցնել աշխատանքները։ Տեսչական մարմնից կգան՝ կստուգեն, կարծում եմ՝ կաշխատենք վաղը»,- նշեց տոնավաճառի տնօրենը։

Հիշեցնենք՝ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի  որոշմամբ՝ «Մալաթիա» տոնավաճառն փետրվարի մեկից փակվել է։ Անցած տարի իրականացված ստուգումների ընթացքում տեսչական մարմնի արձանագրած 17 խախտումներից 12-ն են վերացվել, մյուսների համար՝ տոնավաճառի տնօրենի խոսքով՝ երկար ժամանակ է պետք։

Տոնավաճառի աշխատակիցները փետրվարի մեկին, բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով թույլ տալ աշխատել, մինչեւ հայտնաբերված խախտումները վերացնելը։

Տոնավաճառի տնօրենը աշխատակիցներից մի քանիսի եւ տեսչական մարմնի ներկայացուցիչնեի հետ կարճ զրույցից հետո, երեկ հայտարարեց, որ գնում են  տեսչական մարմին՝ քննարկելու անելիքները։ Շուկայի սեփականատերը աշխատակիցներին հորդորեց դադարեցնել բողոքի ակցիան եւ տուն գնալ։

Տեսչական մարմնում ունեցած հանդիպման արդյունքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ այսօրվանից տոնավաճառի սեփականատերը՝ Տեսչական մարմնի մասնագետների ներգրավմամբ, հստակ եւ ինտենսիվ միջոցառումներ իրականացնի արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք կարող են հրդեհի սպառնալիք լինել։ Այս խնդիրները վերացնելուց հետո միայն կքննարկվի տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը վերացնելու հարցը։

Փետրվարի 2-ին մեզ հետ զրույցում տոնավաճառի տնօրենն ասել էր, «Մալաթիայի» տոնավաճառը շաբաթ օրը կվերսկսի աշխատանքը, եթե մինչեւ այդ վերացվեն այն խախտումները, որոնք Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հանձնարարել է հրատապ կարգով վերացնել։

Տպել
Ամենաշատ