News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հիմնավոր կասկած կա, որ Հրազդանում պարեկները սկզբում սպանել են քաղաքացուն, ինչից հետո նոր եղել է գողության մասին ահազանգը: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը:

«Պարեկներն այդ մարդուն լիովին այլ բանի համար, այլ վայրից հետապնդել են, հետո արդեն հասնելով այդ տարածք, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, կրակ են բացել վրան, որից հետո երեւի թե խնդրել են տանտիրոջը զանգահարել ոստիկանություն եւ գողության մասին հաղորդել: Նույնիսկ ֆեյք քույր է եղել, որը բացարձակ կապ չունի ահազանգած ընտանիքի հետ, սակայն ներկայացել է այնտեղից եւ փորձել բանակցել զոհվածի ընտանիքի հետ, որպեսզի նրանք չպրպտեն եւ չազդեն այն աղջկա վրա, որը դիմել է ոստիկանություն»,- պատմեց Պողոսյանը:

Պողոսյանի ունեցած տվյալներով՝ զոհվածը զբաղվել է գյուղատնտեսական աշխատանքներով, երբեմն մեկնել է արտագնա աշխատանքի, ուներ երեխաներ: Նրա ընտանիքի համար եւս դեպքի հանգամանքներն անհասկանալի են:

«Իրենք չեն հավատում, որ իրենց հայրը գողություն է արել, առհասարակ այդ հատվածում ինքը անելիք չի ունեցել: Վստահաբար, չի եղել գողություն անելու միտում: Այս պահին մենք փորձում ենք պատկերն ամբողջականացնել, փաստեր կան, որոնց մասին դեռ չենք կարող այս պահին հայտարարել, բայց Հրազդանում տարածված տեղեկությունները շատ են, մեզ հետ կապի են դուրս գալիս, եւ մեզ համար շատ կարեւոր է, որ գործը, իրոք, բացահայտվի»,- ընդգծեց իրավապաշտպանը:

Նշենք, որ իրավապաշտպանն ավելի վաղ հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ մահացած քաղաքացու վրա կրակոցի երկու հետք է եղել, մարմնական բազմաթիվ վնասվածքներ, սակայն Քննչական կոմիտեն չէր մեկնաբանել հայտարարությունը՝ նշելով, որ քննության ավարտից հետո ամբողջական պատկերի մասին հրապարակում կարվի:

Հիշեցնենք, որ ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ մարտի լույս 13-ի գիշերը ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի մի բնակչուհի եւ գողության մասին հաղորդում տվել: Ահազանգով մեկնել են ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը եւ պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները: Դեպքի վայրում տղամարդը կացնով սպառնացել է ոստիկանության ծառայողներին։ Նրա հարձակումը կանխելու, ինչպես նաեւ իրենց կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու համար կիրառվել է հրազեն։ Տղամարդը տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն: Հրազդանի 45-ամյա բնակիչը, որը նախկինում դատապարտվել էր, մահացել է։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեխնիկական միջոցի, հատուկ հարմարեցված սարքավորման կամ այլ առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ այլ եղանակով գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով կամ փորձը) եւ 452-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը): Եվս մեկ քրեական վարույթ նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը)։

Տպել
Ամենաշատ