«Մեծ յոթնյակի» գծով Ուկրաինայի գործընկերները անվտանգության երկարաժամկետ երաշխիքներ են պատրաստել։ Դրանք արդեն բնութագրել են որպես «պատմական» եւ քայլ Ռուսաստանի Դաշնության հետ պատերազմի ներկա փուլի ավարտի ուղղությամբ։

Նշվել է, որ որոշումը համաձայնեցվել է, իսկ ստորագրումը նախատեսված է չորեքշաբթի՝ հուլիսի 12-ին, ՆԱՏՕ վիլնյուսյան գագթաժողովի շրջանակում։

«Ընդհանուր հռչակագիրը, որը ստորագրելու են G7-ի բոլոր անդամները, կսահմանի Ուկրաինային դաշնակիցների աջակցության ձեւաչափը հաջորդ տարիների համար՝ պատերազմն ավարտելու, ինչպես նաեւ ցանկացած հետագա ագրեսիա զսպելու կամ հակադարձելու նպատակով»,- նշել են Մեծ Բրիտանիայի կառավարության մամուլի ծառայությունում։

Bloomberg պարբերականն, իր հերթին, տեղեկացրել է, որ Ուկրաինայի կարեւոր դաշնակիցները, այդ թվում ԱՄՆ-ն, անհատական բանակցություններ կվարեն Ուկրաինայի հետ, որպեսզի առաջարկեն երկկողմ պարտավորություններ անվտանգության ոլորտում, Կիեւի պաշտպանունակությունը բարձրացնելու եւ ռուսական հետագա ագրեսիան զսպելու նպատակով։

Բացի այդ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։