Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի արագ վատթարացմամբ։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ։

«Մենք նշում ենք, որ հումանիտար բեռները գտնվում են ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիների մոտ, և մենք կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ և միաժամանակ բացել երկու միջանցքները՝ ապահովելու համար խիստ անհրաժեշտ մարդասիրական բեռների  առաքումը Լեռնային Ղարաբաղում գտնվող տղամարդկանց, կանանց և երեխաներին։  Մենք նաև վճռական  կոչ ենք անում առաջնորդներին զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը մեծացնում է լարվածությունը կամ շեղում այս նպատակից: Վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է»,- ասվում է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության մեջ:

Բլինքենը նաև ընդգծել է, որ Հարավային Կովկասում լարվածության մեծացման լույսի ներքո «Միացյալ Նահանգները շարունակելու է վճռականորեն  աջակցել չլուծված խնդիրները  ուղղակի երկխոսության միջոցով հանգուցալուծելու Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու նպատակով»։  

«Մենք դարձյալ կրկնում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղության  համաձայնագիր պետք է պաշտպանի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը։ Մենք նաև խրախուսում ենք Բաքվի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի միջև երկխոսությունը։

Միացյալ Նահանգները  վերահաստատում է, որ առաջընթացի միակ ճանապարհը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն է, երկխոսությունը և հարաբերությունների կարգավորումը՝ հիմնված միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա», - ասվում է Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ: