Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարությունում եւ Պետական հարկային կոմիտեում փողահավաքություն է սկսվել` 2012-ի մայիսին Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլ» միջազգային մրցույթի ծախսերը փակելու համար, գրում է ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը` վկայակոչելով Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներից մեկի հաղորդած տեղեկությունները:
Աղբյուրը հայտնում է, որ վերոնշյալ պետական կառույցների աշխատակիցները (ընդհանուր առմամբ, այնտեղ աշխատում է 5 հազար մարդ, 3 հազարը` Արտակարգ իրավիճակների նախարարությունում եւ 2 հազարը` Պետական հարկային կոմիտեում) հարկադրված են իրենց աշխատավարձի 3 տոկոսը փոխանցել «Եվրատեսիլ-2012» մրցույթի կազմակերպման համար ստեղծված ոչ պաշտոնական ֆոնդին: Հաղորդվում է, որ այդ երեւույթը հարուցում է աշխատակիցների լուրջ դժգոհությունը: Սակայն, այնուամենայնիվ, նրանց աշխատավարձից պահումներ են արվում:
«Ըստ էության, Քեմալադին Հեյդարովից պահանջում են փակել Եվրատեսիլյան ծախսերի մի մասը, իսկ նա, չցանկանալով ներդրումներ անել իր անձնական բյուջեից, որոշել է դա անել աշխատակիցների աշխատավարձի հաշվին»,-եզրակացնում է «Ենի Մուսավաթը»:




























