News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Կիրանց գյուղում առավոտյան եկել են չափագրումներ են արել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեցին գյուղացիները: Նրանցից մեկը նշեց, որ խնդրել են, որ չափագրումներ չնեն, մինչեւ հասկանալի դառնա, թե ինչ է կատարվում. «Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է, դպրոցի դիմացով ճանապարհ պետք է անցնի: Կամ եթե եկեղեցին չեն քանդում, կողքի տունը պետք է քանդեն: մենք թույլ չենք տալու դա տեղի ունենա, ոչ մի բան էլ թույլ չենք տալու: Մեր հարցերին իրենք չեն կարողանում պատասխանել, ինչ հարց տվել ենք, անպատասխան է մնացել:

Սահմանազատումը լինում է համերաշխ հարաբերությունների դեպքում, գոնե փոխզիջումների գնանք: Մենք գյուղից էն կողմ հողեր ունենք, որ իրենց ձեռքին է, թող դա իրենց մնա, բայց մեր եկեղեցին չքանդվի, սահմանը մեր գյուղից մի քիչ հեռանա: Գոնե գյուղից հեռու լինեն, որ մենք հասկանանք՝ ոնց ենք ապրելու այստեղ»,-ասաց Կիրանցի բնակիչներից մեկը:

Գյուղացիները վստահեցրեցին, որ իրենք մինչեւ վերջ կանգնելու են, թույլ չեն տալու սահմանի փոփոխություն:

Այստեղ է նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տավուշցի Գառնիկ Դանիելյանը:

Նշենք, որ Տավուշում գիշերն իրավիճակը լարված է եղել, հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։

Մարդիկ են հավաքվել Բաղանիսից, Ոսկեպարից, Կիրանցից, Բարեկամավանից, Կոթիից, Դիլիջանից, Իջևանից և Տավուշի այլ բնակավայրերից։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երեկ տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: Մեր արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ այսօրվա հանդիպման արդյունքում նախնական համաձայնություն է ձեռք բերվել սահմանագծի Բաղանիս - Բաղանիս Այրում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա, Կիրանց - Խեյրումլի և Բերքաբեր - Կըզըլ Հաջիլի հատվածները համապատասխանեցնել Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ