Բրիտանացի հայտնի դերասան Հյու Գրանտը բրիտանական մի շարք թերթերի մեղադրել է իր հեռախոսազրույցները գաղտնալսելու, իրեն հետապնդելու եւ իր տուն ներխուժելու մեջ: Նա որպես վկա հանդես է եկել հեռախոսազրույցների գաղտնալսման աղմկահարույց պատմության գործի շրջանակներում, որտեղ մեղադրվող կողմը բրիտանական News of the World պարբերականն էր:
Հիշեցնենք, որ պարբերականը աղմկահարույց պատմության մեջ էր հայտնվել հուլիսի սկզբին, իսկ ավելի ուշ պարզվել էր, որ լրագրողները նաեւ մասնավոր խուզարկուներ են վարձել եւ կաշառել ոստիկանության աշխատակիցներին ցանկալի տեղեկատվության ստացման համար:
Գրանտը նաեւ մեղադրանք է ներկայացրել «Mail on Sunday» թերթին, որը այս պատմության հետ առնչություն չունի: Ընդ որում, խոսքը այն հոդվածի մասին էր, որը Գրանտը մեկ անգամ արդեն վիճարկել էր դատարանում եւ շահել դատը: Բայց դերասանը հիշել է, որ հոդվածում գրված էր իր եւ իր ընկերուհու վեճի մասին, որը տեղի էր ունեցել «քաղցրաձայն կնոջ» հետ հեռախոսազրույցների պատճառով, եւ հայտարարել է, որ թերթն այդ մասին կարող էր իմանալ միայն իր ձայնային փոստը կոոտրելու միջոցով:
Հյու Գրանտը պնդում է, որ իրեն ոչ միայն գաղտնալսել են, այլեւ հրապարակել են բժշկական քարտի փակ տվյալները, իսկ պապարացիները հետապնդել են «արագությունը գերազանցելով»:
Դերասանը լրատվամիջոցների կարգավորման բարեփոխումների կողմնակից է: Նա բրիտանական շոու բիզնեսում «դեղին» մամուլի եւ աստղերի կյանքի մասին աղմկահարույց տվյալներ տարածող հրապարակումների դեմ պայքարի առաջամարտիկներից է, գրում է ՌԻԱ Նովոստին:



























