Նոյեմբերի 25-ին` կանանց նկատմամբ բռնության միջազգային օրը, Կանանց իրավունքների կենտրոնը Երեւանում կկազմակերպի «Ամոթի պատ» անվանումով ակցիա: Ակցիայի ընթացքում Հյուսիսային պողոտայում կտեղադրվի մի նկար, որը պատկերում է իրար հետ վիճող ամուսինների, իսկ վեճի ականատեսը նրանց երեխան է: Անցորդները հնարավորություն կունենան իրենց մեկնաբանությունները թողնել նկարի վրա:
Նման ակցիա կենտրոնի կողմից կազմակերպվել էր մեկ ամիս առաջ, ինչը բավականին մեծ արձագանք էր գտել թե հասարակության մեջ, թե մամուլում: Ակցիայից հետո կենտրոնի «թեժ գծի» համարներով զանգել են ընտանեկան բռնության ենթարկված կանայք, ովքեր ստացել են հոգեբանական եւ իրավաբանական օգնություն:
«16-օրյա ակտիվություն ընդդեմ գենդերային բռնության» արշավի շրջանակում կենտրոնը տարբեր ակցիաներ է կազմակերպում: Դեկտեմբերի 6 –ին, ժամը 19:00-ին Երեւանի կամերային երաժշտության տանը տեղի կունենա ընտանեկան բռնության մասին ֆիլմի շնորհանդես, իսկ դեկտեմբերի 8-9-ին Երեւանի նկարիչների միությունում կբացվի «Երջանիկ ընտանիք» լուսանկարչական ցուցահանդեսը:



























