Երեւանի այսօր` հուլիսի 13-ին, Ֆրանսիայի ազգային տոնի կապակցութամբ տեղի է ունեցել ընդունելություն: 

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ` Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին ողջունելով հյուրերին ասել է, որ ազգային տոներին ընդունված է ասել, թե ինչ է արել Ֆրանսիան այդ երկրի համար, սակայն ինքը կներկայացնի, թե ինչ է արել հայ ժողովուրդը Ֆրանսիայի համար:

«Հայ ժողովուրդը հարստացրել է մեր մշակութային ակունքները, իր բարեկամությամբ եւ հավատարմությամբ պատվել մեր երկիրը, մեզ տվել է դուստրեր եւ որդիներ, ովքեր նպաստել են Ֆրանսիայի կերտմանը: Տվել է նշանավոր անձանց, ինչպիսին շառլ Ազնավուրն է, ում հարյուրամյակը նշում ենք  այս տարի: Հերոսներից Միսաք Մանուշյանն ու իր կինը, ում աճյուններն այլեւս ամփոփված են պանթեոնում եւ հազարավոր այլ անձինք»,- նշել է դեսպանն իր խոսքում: 

Դըկոտինյիի խոսքով` ֆրանսիացիների համար աջակցությունը Հայաստանին, նրա ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը կոնսենսուսի առարկա է եւ այս մասին են վկայում ֆրանսիացի տարբեր պաշտոնյաների բազմաթիվ  այցելությունները Հայաստան:

 «Ֆրանսիան եղել է Հայաստանի եւ հայ ժողովրդի կողքին այս վճռորոշ ժամանակաշրջանում: Նախեւառաջ մարդասիրական մակարդակով ցուցաբերելով իր օգնությունն ի նպաստ իրենց տներից Ադրբեջանի կողմից վտարված Լեռնային Ղարաբաղի հայերի` չզիջելով արդարադատության միջազգային դատարանի կողմից ճանաչված նրանց վերադարձի իրավունքը»,- ասել է դեսպանը:

Նշենք, որ ընդունելությանը ներկա էր նաեւ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: