Պակիստանը վերջնականապես փակել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերին բեռներ մատակարարող տրանսպորտային միջանցքները: Այս մասին հաղորդել է Պակիստանի ներքին գործերի նախարար Ռեհման Մալիկը:

Հիշեցնենք, ավելի վաղ Պակիստանն ԱՄՆ-ից պահանջել էր 15 օրվա ընթացքում լքել Շամսիի ավիաբազան, որը ամերիկյան հատուկ ծառայությունները օգտագործում են անօդաչու թռչող սարքերի մասնակցությամբ գրոհներ կազմակերպելիս:

«Ռոսբալտը» հաղորդում է, որ Պակիստանի տարածքով երկու տրանսպորտային միջանցք է անցնում:

«Газета.ru»-ի փոխանցմամբ` նոյեմբերի 27-ին Պակիստանի հազարավոր բնակիչներ բողոքի ցույցի էին կազմակերպել ԱՄՆ-ի դեսպանատան դիմաց, որի ընթացքում այրել էին Բարաք Օբամայի խրտվիլակը:

Հիշեցնենք, նոյեմբերի 26-ի գիշերը Աֆղանստանում Դաշինքի մի քանի ուղղաթիռներ հատել էին Պակիստանի սահմանը եւ հարված հասցրել սահմանային բլոկպոստին: Նվազագույնը 28 զինծառայողներ զոհվել էին, եւս 14-ը` վիրավորվել:

Associated Press-ը Պակիստանի բանակի գեներալ-մայոր Աթհար Աբասի խոսքերն է մեջբերում, ըստ  որի` գրոհը շարունակվել է երկու ժամ, ՆԱՏՕ-ի ուժերը կրակը չեն դադարեցրել նույնիսկ այն ժամանակ, երբ պակիստանյան զինծառայողները կոչ են արել դադարեցնել գրոհը:

Միեւնույն ժամանակ, Աֆղանստանի իշխանությունների ներկայացուցիչն ասել է, որ Դաշինքը կրակ է բացել միայն այն բանից հետո, երբ իր զորքերի վրա կրակել են:

BBC-ի աղբյուրները հայտնել էին, որ ամերիկա-աֆղանական հատուկ հանձնաժողովը գործել է այն հատվածում, որտեղ, ենթադրաբար, գտնվում էր «Թալիբանի» ուսումնական ճամբարը: Զորքերը Պակիստանի տարածքում գնդակոծման են ենթարկվել, կապվել են ՆԱՏՕ-ի առաքելության շտաբի հետ եւ պատասխան կրակ բացելու թույլտվություն ստացել: Իսլամաբադը կտրուկ հերքում է այս տեղեկատվությունը:

Հիշեցնենք, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ պաշտպանական գերատեսչության ղեկավար Լեոն Պանետան պատահածի կապակցությամբ ափսոսանք էին հայտնելեւ խոստացել մանրակրկիտ հետաքննություն անցկացնել: Իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը դեպքն անվանել էր ողբերգական պատահականություն: