Մերձդնեստրի խորհրդարանի նախկին խոսնակ Եվգենի Շեւչուկի նախընտրական շտաբը հաղորդում է նախագահական ընտրությունների առաջին փուլում իր թեկնածուի հաղթանակի մասին: Քվեաթերթիկների 95%-ի մշակումից հետո նա հավաքել է ձայների 39,1%-ը:
Նրան հաջորդում է Գերագույն խորհրդի ներկայիս նախագահ Անատոլի Կամինսկին` 27,7%, այնուհետեւ 25,5%-ով հաջորդում է գործող նախագահ Իգոր Սմիրնովը, գրում է «Ռոսբալտ»-ը:
Այսպիսով, նախագահը կորոշվի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով:
Հիշեցնենք, դեկտեմբերի 11-ին Մերձդնեստրում նախագահական ընտրություններ են անցկացվել: Դրանք արդեն կայացած են ճանաչվել: Ընտրողների մասնակցությունը կազմել է 56%: Հաղթանակի համար թեկնածուն պետք է հավաքի 50% գումարած 1 ձայն:
Կրկնակի քվեարկությունը կանցկացվի ոչ ուշ, քան առաջին փուլի արդյունքների հաստատումից հետո երկշաբաթյա ժամկետում: Հաղթողը կորոշվի ձայների պարզ մեծամասնությամբ:
Ընտրություններին մասնակցել է վեց թեկնածու. գործող նախագահ Իգոր Սմիրնովը, հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Անատոլի Կամինսկին, խորհրդարանի նախկին խոսնակ Եվգենի Շեւչուկը, Մերձդնեստրի կումունիստների առաջնորդ Օլեգ Խորժանը, «Ճեղքում» կուսակցության նախագահ Դմիտրի Սոինը եւ քաղաքագետ Անդրեյ Սաֆոնովը:




























