Վերջին տվյալներով` Հնդկաստանի արեւելքում տնային պայմաններում պատրաստված ալկոհոլային խմիչքից թունավորման հետեւանքով 100-ից ավելի մարդ է զոհվել:

NDTV հեռուստաալիքի տվյալներով, որոնք հիմնված են տեղի իշխանությունների խոսքերի վրա, արեւելյան Հնդկաստանի Արեւմտյան Բենգալիա նահանգում նվազագույնը 102 մարդ է զոհվել:  Մի քանի տասնյակ թունավորվածների վիճակը ծանր է, եւ զոհվածների թիվը կարող է աճել:

Հիշեցնենք, բոլոր տուժածները դեկտեմբերի 14-ի գիշերը Սանգրամպուրի երկաթգծային կայարանին հարակից էժանագին հաստատությունում տնային պայմաններում պատրաստված ալկոհոլային խմիչք են խմել, դրանից հետո շատերի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Առաջին մահը գրանցվել է առավոտյան: Այնուհետեւ զոհերի թիվը գնալով սկսել է աճել:

Տեղի առողջապահության վարչության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ մարդկանց մահվան պատճառ է դարձել մեթիլից թունավորումը:  Թունավորվածների մեծ մասը սեւագործ բանվորներ են, աղքատ գյուղացիներ: Զոհվածների ընտանիքները նահանգային կառավարության կողմից նյութական օգնություն կստանան:

Զանգվածային թունավորման վայր են ժամանել նահանգային ոստիկանության ղեկավարությունը եւ Կալկաթայից ժամանած բժիշկների խումբը:

Ոստիկանությունը ձերբակալել է տնային պայմաններում ալկոհոլային խմիչք պատրաստողներին: Տեղի բնակիչների կատաղած ամբոխը հրդեհել է հաստատությունը, որտեղ վաճառվել է թունավոր խմիչքը: