News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երեւանի կրկեսի`  2011թ սեպտեմբերին սկսված եւ 2013թ հոկտեմբերին ավարտվելիք վերանորոգման աշխատանքներն ընթանում են նախատեսվածի պես: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  «Երեւանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը: «Չնայած այս տարի ձմեռը շատ ցուրտ է, բայց նույնիսկ մեկ օր վերանորոգման աշխատանքները չեն կանգնում: Չեն դադարում նաեւ ստեղծագործական աշխատանքները, նոր համարներ ենք պատրաստում, շատանում է երեխաների թիվը, քանի որ այստեղ ուսուցումն անվճար է»,- նշեց նա: Սոս Պետրոսյանը նշեց, որ հին կրկեսը չէր համապատասխանում ժամանակակից չափանիշներին, այն պետք է ունենա ժամանակակից մեխանիզացիա, դերասանական սենյակներ, կենդանիների սենյակներ, գրիմանոցներ, սանտեխնիկա, մինչդեռ ոչ մի բան չկար:

Այժմ, նրա խոսքով, օտարերկրյա կրկեսների փորձը կներդրվի մեր կրկեսի համար: Երեւանի կրկեսի վերանորոգման աշխատանքները վստահվել են ճարտարապետներ մոսկվաբնակ Վահագն Վերմիշյանին  եւ երեւանաբնակ Աշոտ Ավետիսյանին:  Ամրացվելու է կրկեսի ներկայիս շենքը, ճակատը մնալու է նույնը, սակայն ավելանալու է եւս մեկ հարկ` 5-րդ հարկը, որը լինելու է դերասանների համար նախատեսված հյուրանոց: Բացի շենքի վերակառուցումից, ամբողջությամբ կթարմացվի նաեւ կրկեսի գույքը, սարքավորումները, տեխնիկական բազան, մասնավորապես, կլավացվեն ձայնային եւ հնչյունային, ինչպես նաեւ լուսային էֆեկտների հնարավորությունները: 

Այժմ ընթացող վերանորոգման աշխատանքների պատճառով կրկեսի  մոտ 10 կենդանիներին տեղափոխել են Դավիթաշենում գտնվող ձիարշավարան: Սոս Պետրոսյանը նշեց, որ կրկեսը բացվելուց հետո կենդանիները կավելանան, տարբեր կրկեսներից կհրավիրվեն դերասաններ` իրենց կենդանիներով:«Կրկեսը կենդանի պետք է չունենա, ոչ մի կրկես կենդանի չունի, կենդանի ունի դերասանը, որը գալիս է հյուրախաղերի եւ գնում: Քանի որ մեզ մոտ ճանապարհները փակ են, մի քանի տարի առաջ մենք կարողացանք կենդանիներ պահել»,- ասաց նա` հավելելով, որ ցանկանում են բերել կենգուրուներ, ուղտեր: Վերանորոգման ընթացքում հանդիսատեսին կրկեսային ներկայացումներից չզրկելու համար այժմ կազմում են կրկեսային խմբեր, որպեսզի մարտից գնան շրջաններ, զորամասեր, մանկատներ եւ ելույթներ կունենան: «Կրկեսային կյանքը չի կանգնի»,- խոստանում է Սոս Պետրոսյանը եւ ավելացնում, որ կրկեսը միշտ գործել է, չնայած չեն ունեցել պայմաններ, ձմեռը ցուրտ է եղել, ամառը` շոգ:

Ի դեպ, Սոս Պետրոսյանը զայրույթ հայտնեց այն առումով, որ կան կրկեսային մի քանի խմբեր, որոնք կրկեսի պահանջներին չեն բավարարում, բայց ժողովրդին խաբում են, դպրոցներ են գնում` ներկայանալով Երեւանի կրկեսից եւ այդպես «գցում են» իրենց կրկեսի պատիվը: «Այ դրանց պետք է վերացնել»,-ընդգծեց Ս. Պետրոսյանը: Նա նշեց, որ այդ հարցը լուծելու համար պետք է նամակով դիմեն Կառավարւթյանը: Կրկեսի բացմանը, նրա խոսքով, կհրավիրեն լավագույն հայ դերասաններին: Բացումից հետո` 2014թ. մայիսին, Հայաստանում առաջին անգամ պետք է լինի կրկեսային արվեստի միջազգային փառատոն:

Նշենք, որ կրկեսի շենքը հիմնադրման օրվանից՝ 1962 թվականից հետո չի վերանորոգվել: 

Հիշեցնենք, որ Մշակույթի նախարարության հովանու տակ գործող Պետական կրկեսի գույքը 2005թ գնահատվել է 408 մլն 821 հազար դրամ եւ օտարվել մրցույթով: Հայտ ներկայացրած Կրկեսի կոլեկտիվը` Սոս Պետրոսյանի գլխավորությամբ150 մլն դրամով սեփականաշնորհել է Երեւանի կրկեսը

ՀԳ. Լուսանկարները անելու ժամանակ կրկեսի տարածքը ամբողջությամբ շրջափակված էր մետաղյա թիթեղներով: Շինարարական մեքենաները ներս ու դուրս էին անում, նոր ներկայացում ազդարարող որեւէ պաստառ չկար: Նույնիսկ հանվել էր կրկեսի ճակատին մշտապես առկա «Ցիրկ»  բառը:

Պատրաստեց` Ինգա Մարտինյանը


!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ