Թերթը գրում է, որ երեկ երեկոյան կրակոցներ են հնչել Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: «Ուշ երեկոյան մեզ հաջողվեց մանրամասներ պարզել միջադեպի կապակցությամբ: Ինչպես փոխանցեցին մեզ, կրակոցներին նախորդել է դաժան ծեծկռտուքը, ընդ որում մասնակիցների մեջ եղել է նաեւ ոստիկան: Մեր աղբյուրի փոխանցմամբ` ժամը 6-7 սահմաններում մի խումբ անձինք մոտեցել են ծառայություն իրականոցնող ոստիկանին, կարճ զրույց ունեցել, ապա ոստիկանին նստեցրել են իրենց մեքենան ու անհետացել: Ինչից հետո պարզվել է, որ նույն խումբը «ռազբորկան» շարունակել է Արթիկի օբյեկտներից մեկում, որտեղ քիչ անց ծեծկռտուք է սկսվել: Խումբը դաժան ծեծի է ենթարկել ոստիկանին, վերջինս էլ իրեն ամրակցված զենքից կրակել է հակառակորդների ուղղությամբ:
Ըստ մեր աղբյուրի` ոտքից վիրավորվել է խմբի «պարագլուխը»` ոմն Անուշավան, որն, ըստ արթիկցիների, ԲՀԿ-ական պատգամավոր Մարտունիկ Գրիգորյանի մերձավորներից է: Տարիներ առաջ նույնիս եղել է Մարտունիկի հանգուցյալ եղբոր` քրեական հեղինակություն համարվող Սերոբի թիկնապահը: Վիրավորված ոտքով սույն Անուշավանն ընկերների հետ միասին հետապնդել են ոստիկանին, որը փախչելով` շարունակել է դրսում օդ կրակել: Թե ինչից է առաջացել վեճը, մեզ չհաջողվեց մանրամասներ ճշտել Արթիկի ոստիկանությունից: Սակայն տեղեկացանք, որ սկսվել է այն բանից հետո, երբ խումբը փորձել է հաշվեհարդար տեսնել ոստիկանի հետ` վերջինիս եղբոր հետ կապված ինչ-որ հարցի վերաբերյալ: Մեր աղբյուրի պատմելով` երեկ մինչեւ ուշ գիշեր դեպքի առնչությամբ ձերբակալություններ են եղել Շիրակի մարզում: Որոշ խոսակցություններ կան, որ ոստիկանին ծեծի ենթարկելը չեն մարսելու»,- գրում է «Հրապարակ»-ը:




























