Հայաստանի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը հրապարել է Մեծամորի ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի բնապահպանական ազդեցության գնահատականը: Նախագծի տեխնիկական եւ տնտեսական հիմնավորումը, շինարարության նախահաշիվը վարում է ավստրալական Worley Parsons-ը: Նոր էներգաբլոկը կլինի գործող ԱԷԿ-ի տարածքում, Երեւանից 32 կմ արեւմուտք:

Կայանի նկարագրության մեջ հաստատվում է, որ նոր էներգաբլոկի «միջուկային կղզու» (ռեակտոր եւ կառավարման համակարգ) համար Հայաստանի կառավարությունն ընտրել է  ВВЭР-1000 (ԱԷԿ-92 նախիծ) ռեակտոր, որի ջերմային հզորությունը 3 հազար ՄգՎտ է,  էլեկտրական հզորությունը կլինի 1060 ՄգՎտ: Կայանի ընդհանուր նախագծի մանրամասները մշակվելու են ավելի ուշ: Դեռ չեն ներկայացվել տուրբինային գեներատորի, երկրորդային համակարգի եւ հովացման համակարգի նախագծերը:

Նոր էներգաբլոկն առանց վառելիքի վերալիցքավորման կաշխատի 24 ամիս: Գործող կայանն առանց վերալիցքավորման աշխատում է 11,5 ամիս: Նոր ռեակտորի շահագործման ժամկետը 40 տարի է:

2006-ին մշակված Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի մինչեւ 2020-ը զարգացման ծրագրով նոր էներգաբլոկից նախատեսվում է կառուցել 400 կՎտ հզորությամբ երկու էլեկտրահաղորդիչ գծեր, մեկը` մինեւ Հրազդան (80կմ), մյուսը` մինչեւ թուրքական Խորասան (170 կմ): Դրանց առավելագույն թողունակությունը պետք է կազմի համապատասխանաբար 1685 ՄՎտ եւ 1075 ՄՎտ:

Հայաստանն այժմ չունի 400 կՎտ հզորությամբ էլեկտրահաղորդիչ գծեր: Նույն հզորությամբ եւս մեկ գիծ նախատեսվում է կառուցել Հայաստանից Իրան: