«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող, թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանն այժմ սպասում է, որ իրեն կանչեն հարցաքննության, բայց ճշտված կարգավիճակով: Նրա խոսքով, եթե նորից ծանուցագրի մեջ սխալ լինի, ապա չի գնալու հարցաքննության, թաքնվելու է ասուլիսներում, Կառավարությունում, մինչեւ գան ձերբակալեն։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող, թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանը՝ հավելելով, որ գոնե այդպես կսովորեն ծանուղագիր գրել։
Նա հետամուտ է լինելու, որ իրեն՝ քաղաքացուն վրաերթի ենթարկելու մեջ մեղադրելու գործը պլանավորողից մինչեւ իրականացնողը բացահայտվի, եւ կարեւոր չէ, թե դա ինչքան կտեւի, քանի որ այստեղ կա իր անվան խնդիրը: «Ես մարդուն անօգնական թողնեմ ու գնամ, այդպիսի բան տեսականորեն հնարավոր չէ։ Մեղավորները պիտի պատժվեն, գործը պիտի բացահայտվի, որ իմ բարի համբավի վրա բիծ չմնա»,- ասաց Հայկ Գեւորգյանը:
Լրագրողը առանձանպես հույս չի կապում Հայաստանի դատարանների հետ, եւ պատրաստ է հասնել մինչեւ Եվրադատարան, երբ սպառի այստեղի բոլոր դատական ատյանները եւ որեւէ արդյունքի չհասնի։
Հայկ Գեւորգյանը խոսեց նաեւ մի շարք խախտումների մասին, նախ այն, որ իր դեմ քրեական գործը հարուցվել է հունվարի 20-ին, բայց իրեն կանչել են հարցաքննության հունվարի 17-ին, ինչը մեղմ ասած՝ անհասկանալի է։ Մեկ բան եւս, ըստ օրենքի՝ նրա տուն պետք է թուղթ ուղարկեին 12 ժամվա ընթացքում, մինչդեռ 24 ժամ հետո են ուղարկել։
Ի դեպ, մինչեւ այսօր լրագրողի հեռախոսը, ձայնագրիչը, լուսանկարչական սարքը, գրիչը, ակնոցը չեն վերադարձրել։ «Եկել եմ այն համոզման, որ մենք գործ ունենք մանյակների հետ, որոնք չեն մտածում իրենց գործողությունների հետեւանքների մասին»,- ասաց լրագրողը՝ շեշտելով, որ իր հետ պատահածը պայմանավորված է իր գործունեությամբ։
Բանտում անկացրած ժամանակ նա ծանոթացել է 25 մարդկանց պատմությունների, որոնցից 19-ի դեպքում նրանք խոշտանգվում եւ հոշոտվում են։ Հայկ Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին՝ ցուցաբերած աջակցության համար։ «Ամենակարեւորն այն է, որ դուք չհավատացիք, որ ես կարող եմ վրաերթի ենթարկել մարդուն եւ անօգնական թողնել»,- ասաց նա։
Հիշեցնենք, «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանը կալանավորվել է փետրվարի 3-ին եւ տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ: Նա մեղադրվում է մի քաղաքացու վրաերթի ենթարկելու մեջ: Փաստի առթիվ քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով եւ 244-րդ հոդվածով՝ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է միջին ծանրության վնաս եւ Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար: «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վրաերթ տեղի չի ունեցել:
Երեկ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հաստատությունից նա ազատ է արձակվել։




























