Մարդկության պատմության մեջ վճռորոշ պահ էր, երբ աշխարհը հավաքվեց Նյու Դելիում՝ ԱԲ Ազդեցության 2026թ․ գագաթնաժողովին: Մենք, Հնդկաստանում, անսահման հպարտ և ուրախ էինք ողջունել աշխարհի տարբեր երկրներից ժամանած պետությունների և կառավարությունների ղեկավարներին, պատվիրակներին և նորարարներին:

Հնդկաստանում ամեն ինչ արվում է մեծամասշտաբ ու եռանդուն կերպով, և այս գագաթնաժողովը բացառություն չէր։ Այստեղ էին հավաքվել ավելի քան 100 երկրների ներկայացուցիչներ։ Նորարարները ցուցադրում էին ԱԲ առաջատար արտադրանք և ծառայություններ։ Ցուցասրահներում կարելի էր տեսնել հազարավոր երիտասարդների, որտեղ նրանք հարցադրումներ էին կատարում և պատկերացում կազմում հնարավորությունների մասին։ Նրանց հետաքրքրվածության շնորհիվ այս միջացառումը դարձավ աշխարհի ամենամեծ և ամենաժողովրդավար ԱԲ գագաթնաժողովը։ Ես սա դիտարկում եմ որպես կարևոր քայլ Հնդկաստանի զարգացման ճանապարհին, քանի որ ԱԲ նորարարության և ներդրման զանգվածային շարժումն իրապես սկսել է ընդլայնվել։

Մարդկության պատմությունը ականատես է եղել բազմաթիվ տեխնոլոգիական փոփոխությունների, որոնք փոխել են քաղաքակրթության ընթացքը: ԱԲ գտնվում է այն նույն լիգայում, ինչ կրակը, գիրը, էլեկտրականությունը և համացանցը: Այն փոփոխությունները, որոնք նախկինում տասնամյակներ էին պահանջում, այժմ կարող են տեղի ունենալ շաբաթների ընթացքում և ազդել ողջ մոլորակի վրա։

ԱԲ շնորհիվ մեքենաները դառնում են խելացի, սակայն այն պետք է կիրառել որպես մարդկային մտադրությունների ուժի բազմապատկիչ։  Կենսական նշանակություն ունի ԱԲ մեքենայակենտրոն լինելու փոխարեն մարդակենտրոն դարձնելը: Այս գագաթնաժողովում մենք մարդկային բարեկեցությունը դրեցինք ԱԲ մասին համաշխարհային քննարկման կենտրոնում՝ «Սարվաջանա Հիտայա, Սարվաջանա Սուքհայա» (Բարեկեցություն բոլորի համար, երջանկություն բոլորի համար) սկզբունքով:

Ես միշտ հավատացել եմ, որ տեխնոլոգիաները պետք է ծառայեն մարդկանց, այլ ոչ թե հակառակը։ Հնդկաստանն ապահովել է, որ թվային հանրային ենթակառուցվածքը հասանելի լինի բոլորին անխտիր՝ լինի դա UPI համակարգով թվային վճարում, թե COVID համավարակի պատվաստում։ Ես նույն ոգին տեսա գագաթնաժողովի նորարարների աշխատանքում՝ գյուղատնտեսության, անվտանգության, սահմանափակ կարողություններ ունեցող անձանց օգնության և բազմալեզու բնակչության համար նախատեսված սարքերի տիրույթներում։

Հնդկաստանում արդեն իսկ կան ԱԲ հզորացման ներուժի օրինակներ: Վերջերս հնդկական AMUL կաթնամթերքի կոոպերատիվի կողմից գործարկված «Sarlaben»-ը՝ ԱԲ-ով աշխատող թվային օգնականը, կաթնամթերք արտադրող 3.6 միլիոն ֆերմերների համար, հիմնականում կանանց, իրական ժամանակում խորհրդատվություն է տրամադրում կենդանիների առողջության և արտադրողականության վերաբերյալ՝ իրենց մայրենի լեզվով: Նմանապես, Bharat VISTAAR անվամբ ԱԲ հարթակը բազմալեզու տեղեկատվություն է տրամադրում ֆերմերներին՝ նրանց տեղեկացնելով ամեն ինչի մասին՝ եղանակից սկսած մինչև շուկայական գներ:

Մարդիկ երբեք չպետք է դառնան զուտ տվյալների հավաքագրման կետեր կամ հումք՝ մեքենաների համար։ Փոխարենը ԱԲ պետք է դառնա գլոբալ բարիքի գործիք՝ բացելով առաջընթացի նոր դռներ Գլոբալ Հարավի համար։ Այս տեսլականը իրականություն դարձնելու համար Հնդկաստանը ներկայացրեց մարդակենտրոն ԱԲ կառավարման MANAV շրջանակը։   Մ – Բարոյական և էթիկական հիմքեր. ԱԲ պետք է հիմնված լինի էթիկական ուղեցույցների վրա։   Ա – Հաշվետու կառավարում. թափանցիկ կանոններ և ամուր վերահսկողություն։

Ն – Ազգային ինքնիշխանություն. ազգային իրավունքների հարգանք տվյալների վերաբերյալ Ա – հասանելիություն և ներառականություն. ԱԲ չպետք է լինի մենաշնորհ։

Վ – հավաստիություն և լեգիտիմություն. ԱԲ պետք է հետևի օրենքներին և լինի ստուգելի։   ՄԱՆԱՎ-ն (հինդի լեզվով մանավ՝ մարդ) առաջարկում է սկզբունքներ, որոնք ԱԲ կապում են 21-րդ դարի մարդկային արժեքների հետ։

ԱԲ ապագան պետք է հիմնված լինի վստահության վրա։ Մինչ գեներատիվ համակարգերը աշխարհը ողողում են այլևայլ բովանդակությամբ, ժողովրդավարական հասարակությունները բախվում են խորը կեղծիքների և ապատեղեկատվության ռիսկերի։ Ինչպես սնունդը ունի սննդային արժեքի պիտակ, այնպես էլ թվային բովանդակությունը պետք է ունենա իսկության նշում։ Ես կոչ եմ անում համաշխարհային հանրությանը միավորվել՝ ջրանիշերի և սկզբնաղբյուրի ստուգման համար ընդհանուր ստանդարտներ ստեղծելու համար։ Հնդկաստանն արդեն քայլ է արել այս ուղղությամբ՝ օրենսդրորեն պահանջելով սինթետիկորեն ստեղծված բովանդակության հստակ պիտակավորում։

Մեր երեխաների բարեկեցությունը մեզ համար շատ կարևոր է։ ԱԲ համակարգերը պետք է կառուցվեն այնպիսի երաշխիքներով, որոնք խրախուսում են պատասխանատու, ընտանեկան ներգրավվածություն՝ արտացոլելով այն նույն հոգատարությունը, որը մենք ցուցաբերում ենք ողջ աշխարհի կրթական համակարգերի նկատմամբ։

Տեխնոլոգիան մեծապես օգտակար է միայն այն դեպքում, երբ նրանով կիսվում են, այլ ոչ թե պահպանում որպես ռազմավարական ակտիվ։ Բաց հարթակները կարող են օգնել միլիոնավոր երիտասարդների՝ տեխնոլոգիաները ավելի անվտանգ և մարդակենտրոն դարձնելու։ Այս կոլեկտիվ բանականությունը մարդկության ամենամեծ ուժն է։ ԱԲ պետք է զարգանա որպես գլոբալ ընդհանրական բարիք։

Մենք մտնում ենք մի դարաշրջան, երբ մարդիկ և ինտելեկտուալ համակարգերը համատեղ կարարեն, կաշխատեն և կզարգանան։ Ի հայտ կգան բոլորովին նոր մասնագիտություններ։ Երբ համացանցն առաջ եկավ, ոչ ոք չէր կարող պատկերացնել նրա հնարավորությունները։ Ի վերջո այն ստեղծեց հսկայաթիվ նոր հնարավորություններ, և նույնն էլ կլինի ԱԲ-ի հետ։

Վստահ եմ, որ մեր հզոր երիտասարդությունը կլինի ԱԲ դարաշրջանի իրական շարժիչ ուժը։ Մենք խրախուսում ենք հմտությունների զարգացումը, վերաորակավորումը և ուսումը ողջ կյանքի ընթացքում, ինչպես նաև իրականացնում ենք աշխարհի խոշորագույն վերապատրաստման և հմտությունների զարգացման ծրագրերից մի քանիսը։

Հնդկաստանը աշխարհի ամենամեծ երիտասարդ բնակչություն ունեցող և տեխնոլոգ տաղանդներ ունեցող երկրներից մեկն է։ Էներգետիկ հզորությունների և քաղաքականության հստակության շնորհիվ մենք եզակի դիրքում ենք՝ ԱԲ ողջ ներուժն օգտագործելու համար։ Այս գագաթնաժողովում ես հպարտությամբ ականատես եղա, թե ինչպես են հնդկական ընկերությունները գործարկում տեղական ԱԲ մոդելներ և կիրառություններ, որոնք արտացոլում են մեր երիտասարդ նորարարական համայնքի տեխնոլոգիական ուժը։

ԱԲ էկոհամակարգի աճը խթանելու համար մենք ներդրում ենք կատարում ամուր ենթակառուցվածքների մեջ։ Հնդկաստանի ԱԲ առաքելության շրջանակներում մենք տեղակայել ենք հազարավոր գրաֆիկական պրոցեսորներ և շուտով կտեղակայենք ևս մի քանիսը։ Համաշխարհային մակարդակի, սակայն մատչելի հաշվողական հզորությունների շնորհիվ  նույնիսկ ամենափոքր ստարտափները կարող են դառնալ համաշխարհային խաղացողներ։ Ավելին, մենք ստեղծել ենք ազգային ԱԲ շտեմարան, որը ժողովրդավարացնում է տվյալների հավաքածուների և ԱԲ մոդելների հասանելիությունը։ Մենք կենտրոնանում ենք ամբողջական արժեքային շղթայի վրա՝ կիսահաղորդիչներից և տվյալների ենթակառուցվածքներից մինչև կենսունակ ստարտափներ և կիրառական հետազոտություններ։

Հնդկաստանի բազմազանությունը, ժողովրդավարությունը և ժողովրդագրական դինամիզմը ստեղծում են համապատասխան մթնոլորտ ներառական նորարարության համար։ Հնդկաստանում հաջողություն ունեցած լուծումները կարող են ծառայել մարդկությանը ամենուրեք։ Ահա թե որն է մեր կոչն աշխարհին՝ Մշակեք և զարգացրեք Հնդկաստանում։ Մատակարարեք աշխարհին։ Մատակարարեք մարդկությանը։

Նարենդրա Մոդի   Հնդկաստանի վարչապետ