Հայտնի գործարար, Հայ ազգային կոնգրեսի անդամ Խաչատուր Սուքիասյանը դիմում է հղել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, որում անդրադառնում է Ոստիկանության Վիզաների եւ անձնագրերի վարչության կողմից ԸԸՀ ներկայացրած գրությանը, ըստ որի`  Խաչատուր Սուքիասյանի` վերջին 5 տարում Հայաստանում ապրելու մասին իրենց տված տեղեկանքը չի համապատասխանում իրականությանը:

Նշենք, որ այդ գրության մեջ նշվում է, որ կատարվել են լրացուցիչ ուսումանասիրություններ եւ պարզել են, որ Խ. Սուքիասյանը վերջին հինգ տարում ՀՀ-ում չի բնակվել:

Ստորեւ ներկայացնում ենք այս կապակցությամբ Խաչատուր Սուքիասյանի դիմումը.

«Ինչպես տեղյակ եք, 2012թ. մարտի 7-ին թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին Խաչատուր Սուքիասյանը ներկայացրել է դիմում` ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուի ինքնաառաջադրման մասին:

ՀՀ ընտրական օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին խիստ համապատասխան նշված դիմումին կից ներկայացվել է`

1. տեղեկանք թեկնածուի՝ վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացի չհանդիսանալու եւ վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.

2. նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով ընտրական գրավի մուծման անդորրագիրը.

3. թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

Հատկանշական է, որ տեղեկանքը տրամադրվել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Էրեբունու անձնագրային ծառայության պետի (այսուհետ` Էրեբունու բաժանմունք) կողմից 06.03.2012թ. եւ այդ տեղեկանքի ձեւը համապատասխանում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 29.07.2011թ. թիվ 51-Ն որոշմամբ հաստատված ձեւին:

Ստացվել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության 15.03.2012թ. թիվ 25/01-15311 գրությունը (այսուհետ` Գրություն), որով խնդրել են Էրեբունու բաժանմունքի կողմից 06.03.2012թ. տրամադրված տեղեկանքում առկա տեղեկատվության փոխարեն հիմք ընդունել տեղեկատվությունն առ այն, որ Խաչատուր Սուքիասյանը չի հանդիսանում վերջին 5 տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ մերժվում է վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքի տրամադրումը:

Գտնում եմ, որ այս  Գրությունը չի կարող Խաչատուր Սուքիասյանին, որպես պատգամավորի թեկնածու գրանցելը մերժելու համար հիմք հանդիսանալ, հետեւյալ պատճառաբանությամբ.

ՀՀ ընտրական օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պատգամավորի թեկնածուի գրանցումը մերժում է, եթե՝

1) չունի ընտրվելու իրավունք.

2) ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծված:

Ի սկզբանե հարկ է նշել, որ ներկայացված բոլոր փաստաթղթերն անթերի են:

ՀՀ ընտրական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, այլ պետության քաղաքացի չհանդիսացող, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

Այս նորմի, ՀՀ ընտրական օրենսգրքի 115-րդ հոդվածի 3-րդ մասի եւ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 29.07.2011թ. թիվ 51-Ն որոշման հիման վրա ՀՀ ոստիկանության իրավասու մարմնի տրամադրած տեղեկանքով հաստատվում է ՀՀ ազգային ժողովի պատգամավորի թեկնածուի վերջին հինգ տարում` (1) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, (2) այլ պետության քաղաքացիություն չունենալու եւ (3) վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու փաստերը:

Գրության բովանդակությունից հետեւում է, որ “կասկածի տակ է դրվում” վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու փաստը:

“Իրավական ակտերի մասին” ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի եւ արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:

Տառացի մեկնաբանության կանոնից ելնելով, ուշագրավ է ՀՀ ընտրական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասում տեղ գտած “վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող”  արտահայտությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բնակության վայր է համարվում այն վայրը, որտեղ քաղաքացին մշտապես կամ առավելապես ապրում է:

Այս նորմից հետեւում է, որ քաղաքացու բնակության վայրը պայմանավորված է նրա մշտապես կամ ԱՌԱՎԵԼԱՊԵՍ ապրելու հանգամանքից: Այսինքն, առավելապես հասկացությունը հավասարեցված է մշտապես հասկացությանը:

Հաջորդիվ, տրամաբանական հարց է ծագում, թե մշտապես կամ առավելապես ապրելու հարցը որոշելու համար, ինչ ժամանակահատված պետք է նկատի ունենալ` մեկ ամսվա, մեկ տարվա, տասը տարվա...:

Այստեղ է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասը տալիս է ժամանակահատվածի սահմանը` վերջին հինգ տարում:

Ոստիկանության Գրությունից հետեւում է, որ վերջին հինգ տարիների ընթացքում Խաչատուր Սուքիասյանը Հայաստանի Հանրապետությունում չի բնակվել 10 ամիս 20 օր (այստեղ թերեւս չենք անդրադառնում տրամադրված տվյալների իրական լինելուն):

Հինգ տարվա ժամանակահատվածի մեջ, որը կազմում է 60 ամիս, 10 ամիս 20 օրը կազմում է մոտ 18 տոկոս: Հետեւաբար, ոստիկանությունը չի կարող հայտարարել, որ Խաչատուր Սուքիասյանը վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում չի բնակվել:

Ոստիկանության Գրության մեջ վկայակոչված “Բնակչության պետական ռեգիստրի մասին” ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի եւ ՀՀ կառավարության 14.07.2005թ. թիվ 1231-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետի կանոնները չեն կարգավորում վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող որակելու հետ կապված հարաբերությունները, քանի որ`

1. “Բնակչության պետական ռեգիստրի մասին” ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սույն օրենքը կարգավորում է բնակչության պետական ռեգիստրում (այսուհետ՝ ռեգիստր) օրենքով սահմանված կարգով անհատական հաշվառման (գրանցման) տվյալների մշակման, ինչպես նաեւ ռեգիստրի վարման հետ կապված հարաբերությունները.

2. “Բնակչության պետական ռեգիստրի մասին” ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում խոսքը գնում է վեց ամսվանից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ բնակվող քաղաքացու որոշակի գործողություններ կատարելու մասին, մինչդեռ Խաչատուր Սուքիասյանը ոչ թե մեկնել է արտերկիր բնակվելու նպատակով, այլ` կազդուրվելու եւ հանգստանալու նպատակով: Հակառակ տրամաբանության դեպքում, եթե կառավարության անդամը մի քանի օրով գործուղման է մեկնում արտերկիր, պետք է պաշտոնապես հայտարարվի, որ այդ անձը մի քանի օրով բնակության է մեկնում, ինչը կարծում եմ տեղին չէ.

3. “Բնակչության պետական ռեգիստրի մասին” ՀՀ օրենքը չի կարգավորում հինգ տարվա ընթացքում 18 տոկոս ժամանակահատվածից ավել կամ պակաս բնակվելու հետ կապված որեւէ հարաբերություն եւ չի նախատեսում, որեւէ հետեւանք.

4. “Բնակչության պետական ռեգիստրի մասին” ՀՀ օրենքի պահանջների խախտումը, չի հանգեցնում անձի` ընտրական իրավունքի սահմանափակումների:

Վերոհիշյալ նորմերից ելնելով էլ Ոստիկանության Էրեբունի բաժանմունքը տրամադրել էր համապատասխան տեղեկանքը, հակառակ դեպքում վերջինս իր վարչարարության արդյունքում կմերժեր Խաչատուր Սուքիասյանի դիմումը:

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի հաշվառմամբ հայտարարում եմ, որ օրենքը չի նախատեսում տեղեկանքը “մասնակի հետ կանչելու” հնարավորություն:

Ոստիկանության գրության մեջ նշվում է, որ Խաչատուր Սուքիասյանին մերժվում է բնակվելու մասին տեղեկանքի տրամադրումը, այն դեպքում, երբ այդ տեղեկանքն այլեւս տրամադրված է եւ այն պատշաճ ձեւով ներկայացվել է թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին:

Հետեւաբար, այս պայմաններում, ընտրական հանձնաժողովը պարտավոր է գնահատել սահմանված ձեւով տրամադրված տեղեկանքը, որպես պատշաճ ապացույց:

Միաժամանակ, Խաչատուր Սուքիասյանը հարկ է համարում ընտրական հանձնաժողովի ուշադրությունը հրավիրել “Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններում ժողովրդավարական ընտրությունների, ընտրական իրավունքների եւ ազատությունների չափանիշների մասին” Կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա)`

- 1-ին հոդվածի 3-րդ մասի պահանջին առ այն, որ` քաղաքացու ընտրելու եւ ընտրվելու իրավունքը ամրագրվում է Սահմանադրությամբ եւ (կամ) օրենքներով, իսկ դրա իրականացման կարգը սահմանվում է օրենքներով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով: Ընտրելու եւ ընտրվելու իրավունքի, ընտրությունների կարգի (ընտրական համակարգերի) օրենսդրական կարգավորումը, ինչպես նաեւ ընտրական իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները չպետք է սահմանափակեն կամ չեղյալ համարեն մարդու եւ քաղաքացու հանրաճանաչ իրավունքներն ու ազատությունները եւ դրանց իրականացման սահմանադրական եւ (կամ) օրենսդրական երաշխիքները կամ կրեն խտրական բնույթ.

-  3-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին առ այն, որ` յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա հավասար իրավական հնարավորություններ ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու համար:

Ոստիկանության կողմից օրենքով սահմանված լիազորությունների արդյունքում պահանջվող փաստաթուղթ տրամադրելուց հետո, այսպիսի գրություն ուղարկելու գործողությունն ուղղակիորեն խոսում է Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ քաղաքական հետապնդումների եւ խտրական վերաբերմունքի մասին:

Ելնելով վերոգրյալից, խնդրում ենք`

- ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության 15.03.2012թ. թիվ 25/01-15311 գրությունը հաշվի չառնել եւ սահմանված կարգով գրանցել Խաչատուր Սուքիասյանին, որպես պատգամավորի թեկնածու»:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի