Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում արտակարգ դեպք է տեղի ունեցել. զինված քաղաքացին մտել է հիվանդանոց եւ 3-րդ հարկի հիվանդասենյակների մոտ անկանոն կրակոցներ արձակել: Ըստ տեղեկությունների՝ նա ինքնաձիգը թաքցրել է պայուսակի մեջ, իսկ կրակոցներից հետո փորձել է փախուստի դիմել, բայց հիվանդանոցի անվտանգության աշխատակիցներին հաջողվել է կանխել փախուստը: Միջադեպի հետեւանքով տուժածներ չկան: Դեպքի վայր մեկնած լրագրողներին ո՛չ քննիչը, ո՛չ հիվանդանոցի բուժանձնակազմը որեւէ մանրամասն չեն հայտնել:

Ըստ տեղեկությունների՝ հրաձիգը փորձել է կազմակերպել «Բանդայի» գործով կալանավորված Դավիթ Գալստյանի փախուստը, որը հիվանդանոցում բուժում է ստանում: Գալստյանը կրակոցների ժամանակ փորձել է փախչել, բայց չի հաջողվել: Իրավապահները կրակոցներ արձակած անձի ինքնությունը չեն հայտնում, նշում են, սակայն, որ նա բերման է ենթարկվել: Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել:

Կրակոցներ են հնչել նաեւ Լաս Վեգասում: Խոշոր խաղատներից մեկի մոտ կրակ բացած անձի թիրախում քանթրի երաժշտության փառատոնն է եղել: Հրաձգության հետեւանքով զոհերի թիվը հասել է 50-ը, հիվանդանոցներ է դիմել ավելի քան 400 տուժած: Հրաձիգը սպանվել է: Նրա ինքնությունը արդեն հայտնի է. ոստիկանության տվյալներով՝ հանցագործը 64-ամյա տղամարդ է, ոմն Սթիվեն Փեդոք: Հայտնի է նաեւ, որ նա հանցակից է ունեցել. նրան որոնում են: Նշենք, որ սա ԱՄՆ-ում զոհերի թվով խոշորագույն զինված հարձակումն է: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Վիգեն Սարգսյանն այսօր ամփոփել է պաշտպանության նախարարության գործունեության մեկ տարին: Իսկ տարին նախարարը լարված է բնորոշել. բազմաթիվ ծրագրեր են ներկայացվել, միջոցառումներ են անցկացվել, խնդիրներ են առաջադրվել եւ իրականացվել: Խնդիրներից մեկն էլ մարտունակության բարձրացումն է: Վիգեն Սարգսյանը հավաստել է, որ բանակի մարտունակության բարձրացման, ինչպես նաեւ սպառազինությամբ հագեցնելուն ուղղված լուրջ քայլեր են կատարվել:

Հարց է հնչել նաեւ Ադրբեջանին իսրայելական դրոնների մատակարարման հետ կապված միջադեպի մասին: Ի՞նչ տեղեկություններ ունի հայկական կողմը հետաքննության մասին: Վիգեն Սարգսյանը հիշեցրել է, որ վերահսկողությունը սպառազինություն մատակարարող երկրի ուղղակի պարտականությունն է, եւ հույս հայտնել, որ Իսրայելը լրջորեն կուսումնասիրի հարցը: Զինված ուժերում կադրային փոփոխություններ են եղել: Նախարարը դրանք վերանշանակում է կոչել՝ վստահեցնելով, որ դա ընդամենը ռոտացիոն բնույթ է կրում: Լրագրողներից մեկն էլ փորձել է ճշտել մամուլի տեղեկությունները, թե Վիգեն Սարգսյանն ու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը լավ հարաբերություններ չունեն, ինչի արդյունքում Հակոբյանը, հնարավոր է, շուտով հրաժեշտ տա պաշտոնին: Վիգեն Սարգսյանն արձագանքել է. նախարարի պաշտոնի նկարագրությունում որեւէ տեղ նշված չէ, որ նախարարը պետք է մեկնաբանի, հաստատի կամ հերքի ֆանտազիաները: Սարգսյանը նաեւ հեգնել է. թերեւս դիմի անվտանգության ծառայություն՝ պարզելու համար, արդյո՞ք իր սենյակում գաղտնալսող սարք կա:

Չնայած Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, սակայն դա չի խանգարի Եվրամիության հետ համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմանը: Այս մասին ասել է Երեւան ժամանած Եվրահանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը: ԱԳ նախարարությունում կայացած հանդիպումից հետո Յոհաննես Հանն ու Էդվարդ Նալբանդյանը հանդես են եկել հայտարարությամբ: Յոհաննես Հանը նաեւ վստահեցրել է, որ Հայաստանի եւ Եվրամիության հարաբերություններն ավելի են բարելավվել:

Էդվարդ Նալբանդյանն էլ հիշեցրել է, որ նախաստորագրվել է Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ հավելելով, որ դրա ստորագրումը նոյեմբերին Բրյուսելում կայանալիք ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը կարող է դառնալ: Հավելենք, որ ավելի վաղ Հայաստանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ասել էր, որ Եվրոպան թույլ չի տա, որ այս տարածաշրջանի որեւէ հատվածը բացառիկ ազդեցության գոտի դառնա:

Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անկախության հանրաքվե է անցկացվել: Քվեարկելու իրավունք ունեցող 5.3 մլն քաղաքացուց հանրաքվեին մասնակցել է 2.3 միլիոնը: Իսպանիայից անկախանալու օգտին արտահայտվել է քվեարկության մասնակիցների 90.09%-ը, դեմ՝ 7.87%-ը: Հանրաքվեի ընթացքում անկարգություններ են գրանցվել, իրավապահների հետ բախումների հետեւանքով 893 մարդ է տուժել: Իսպանիայի Քաղաքացիական գվարդիան մարդկանց ցրելու համար ռետինե փամփուշտներ եւ արցունքաբեր գազ է կիրառել: Միաժամանակ, Կատալոնիայի ոստիկաններն ու հրշեջները հրաժարվել են ենթարկվել կենտրոնական իշխանություններին: Նրանք կենդանի վահան են կազմել եւ պաշտպանել կատալոնցիներին: Իսկ Մադրիդն իրավապահների գործողություններն անվանել է «տհաճ», բայց «համաչափ»: Պաշտոնական Մադրիդն ու Եվրահանձնաժողովն արդեն Կատալոնիայի անկախության հանրաքվեն անօրինական են որակել: Չնայած դրան՝ Կատալոնիայի խորհրդարանը պատրաստվում է միակողմանի կարգով որոշում կայացնել անկախության հռչակման մասին:

Ջավախքի հայաբնակ Գումբուրդո գյուղում սեպտեմբերի 29-ին բնակիչների եւ ոստիկանների միջեւ բախում է տեղի ունեցել: Ոստիկաններ են վիրավորվել, բերման ենթարկված քաղաքացիներ կան: Պատճառը գյուղում գտնվող եկեղեցու բակում խաչքարի տեղադրումն է եղել. եկեղեցին հսկող ոստիկանները թույլ չեն տվել այն տեղադրել: Գումբուրդոյի բնակիչները պնդում են, որ 9-րդ դարի եկեղեցին հայկական է, բակում հանգչում են իրենց նախնիները եւ հենց այդ տեղում պետք է հայկական խաչքար տեղադրել:

Նշենք, որ այս կոնֆլիկտը սկսվել է մեկ տարի առաջ, երբ Վրաստանի իշխանությունները եկեղեցին վերակառուցելու որոշում են կայացրել: «Վիրք» չգրանցված կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ եկեղեցին արդեն մեկ տարի է՝ հսկում են, գյուղացիները նույնիսկ չեն կարողանում մտնել ու մոմ վառել: Այստեղ կասկածում են, որ ներսում փոփոխություններ են արվում, իսկ հետո Վրաստանի իշխանությունները կհայտարարեն, որ այն վրաց ուղղափառ եկեղեցի է: Խնդրով զբաղվում են հոգեւորականները, սակայն հստակ որոշում դեռ չկա:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան մեկ տարով որակազրկել է մի քանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի հավաքականին: Որոշումը կայացվել է սեպտեմբերի 30-ին Բուխարեստում տեղի ունեցած ֆեդերացիայի համաժողովում: Մեր հավաքականը պատժվել է 2008 եւ 2012 թվականների Օլիմպիական խաղերի ժամանակ արգելված խթանիչներ օգտագործելու համար: Որակազրկված թիմերը չեն մասնակցի 2017 թվականի նոյեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը:

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը մեր թղթակցին, սակայն, ասել է, որ առայժմ հստակ չէ, այս խնդիրը կվերաբերի մի քանի մարզիկի, թե՞ ամբողջ հավաքականի վրա: Միաժամանակ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան պատրաստվում է բողոքարկել IWF-ի որոշումը, ինչի իրավունքն ունի:

Հոկտեմբերի 2-ին եվրոն շուրջ 4 դրամով էժանացել է, անկում է գրանցել նաեւ դոլարը: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 478 դրամ, եվրոյինը՝ 560, ռուբլունը՝ 8 դրամ 26 լումա, ֆունտինը՝ 636 դրամ:

Հոկտեմբերի 3-4-ը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Այդ օրերին օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի, հոկտեմբերի 5-7-ը նույնքան կբարձրանա: Երեւանում նույնպես ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +9+11, ցերեկը՝ +17+19 աստիճան տաքություն: