Ինչո՞ւ է ՀՅԴ-ն միայն ԱԳ նախարարի հրաժարականը պահանջում, երբ ըստ Սահմանադրության արտաքին քաղաքականության հիմնական պատասխանատուն երկրի նախագահն է, իսկ ԱԳ նախարարը միայն այդ քաղաքականությունն իրականացնողն է: Լրագրողների այս հարցիին ի պատասխան, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Մենք ոչ թե ուզում ենք խափանել աշխատանքներն ընդհանրապես, այլ մեր նպատակը բխում է իրավիճակի մեջ կրկին փոփոխություն մտցնելու անհրաժեշտությունից: Սրանով մենք հնարավորություն ենք ուզում տալ նախագահին, որպեսզի նա այդ փոփոխությունները իրականցնի: Նախագահը դեռ ունի հնարավորություն, իրավիճակի մեջ կտրուկ բեկում մտցնելու եւ ամենակարեւորը չոստորագրելու այն փաստաթուղթը, որն այսօր առաջարկվում է, որը մեր խորին համոզմամբ, անտեսում է ԼՂ ժողովրդի արդեն արտահայտած կամքը: Ուստի այս պահին, իրավիճակի մեջ փոփոխություն մտցնելու համար որպես առաջին քայլ այս քայլը մենք գտնում ենք նպատակահարմար ու ճիշտ»: Նրա խոսքով, եթե նշված փաստաթուղթը ստորագրվի, իրենք կփոխեն իրենց հայտարարությունների բնույթը:
Այսինքն կպահանջեք նաեւ նախագահի՞ հրաժարականը, հարցին էլ արձագանքեց. «Եթե այս տրամաբանությամբ համաձայնագիր ստորագրվի, մենք միշտ ասել ենք, որ ով էլ լինի գործող նախագահը, մենք նման քաղաքականությանը դեմ ենք լինելու բոլոր հնարավոր միջոցներով: Նկատի ունեմ քաղաքակիրթ պայքարի բոլոր հնարավոր միջոցները: Եւ այդ ուղղությամբ արդեն նախապատրաստական աշխատանքներ սկսել ենք»:
Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ, թե արդյո՞ք Է. Նալբանդյանն է պարտադրում Սերժ Սարգսյանին որեւէ փաստաթուղթ ստորագրել, որ ՀՅԴ-ն պահանջում է Նալբանդյանի հրաժարականը: Այս առնչությամբ Ա. Ռուստամյանն ասաց. «Հայաստանում չկա այդպիսի բան, որ որեւէ բան կատարվի եւ վերջին պատասխանատուն ՀՀ նախագահը չլինի: Այդպես որ, եթե այդպես մտածենք, բոլոր դեպքերում պետք է պահանջենք նախագահի հրաժարականը: Բայց ընթացքն իր դինամիկայի մեջ պահելու համար, ես չեմ կարծում, որ անհրաժեշտ է այդ վերջին քայլին դիմել»:
Այնուամենայնիվ, եթե որեւէ աննպաստ փաստաթուղթ ստորագրվի, ՀՅԴ-ն նախագահի հրաժարակը կպահանջի՞, հարցին էլ ՀՅԴ գործիչը թեեւ դժկամությամբ, բայց ասաց. « Ընդհանուր ճակատ ստեղծելու խնդիրն է այսօր ամենակարեւորը: Մենակ Դաշնակցության պահանջով դեմն առնել այս ամենի, հնարավոր չէ: Եվ որեւէ քաղաքական ուժ թող չմտածի, որ կարող է միանձնյա կանգնել ու պատ քաշել այդ ամեն ինչի առաջ: Այդպես չի»:



























