«Աթենքում ստորագրվածը հայ ժողովրդի նկատմամբ դավաճանական փաստաթուղթ է: Ամենապարտվողական ու զիջողական փաստաթուղթը ստորագրվեց»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Աթենքում ԼՂ խնդրի վերաբերյալ ստորագրված հնգակողմ (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Հայաստան, Ադրբեջան) հայտարարությանն ու ԵԱՀԿ ԱԳ նախարարների խարտիային, կարծիք հայտնեց «Հայ կամավորականների համախմբում» կազմակերպության անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը: «Եթե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն են հաստատում, նշանակում է Ղարաբաղն էլ միասին գտնվում է Ադրբեջանի կազմում եւ հետագայում այդ փաստաթղթի տակից շատ դժվար է լինելու դուրս գալը»,- ասաց նա:
Հարցին, թե չէ՞ որ այդ փաստաթղթում ամրագրվում է նաեւ ազգերի ինքնորոշման սկզբունքը, Վ. Մալխասյանը պատասխանեց. «Երբ տարածքային ամբողջականությունը ճանաչում են, ազգերի ինքնորոշման իրավունքը այդ տարածքային ամբողջականության սահմաններում է լինելու: Սա զարմանալի չէ, որովհետեւ Սերժ Սարգսյանը մի առիթով հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ` Թուրքիայի տարածքային ամբողջականությունը: Հիմա մենք ականատես ենք այդ քաղաքականության շարունակմանը»:
Ինչ վերաբերում է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանը, թե առաջին անգամ Ադրբեջանը համաձայնել է ազգերի ինքնորոշման սկզբունքին, Վ. Մալխասյանն արձագանքեց. «ԱԳ նախարարը միշտ փորձում է մոլորեցնել ու թյուրիմացության մեջ գցել հայ ժողովրդին: Քանի որ ՀՀ իշխանությունները պատանդ են գերտերությունների ձեռքին, նրանց թելադրանքով պետք է անեն այն, ինչ նրանք կամենում են»:
Հարցին, թե ինչպե՞ս եք բացատրում, որ երբ 1997 թվականին ԵԱՀԿ ԱԳ նախարարների Լիսաբոնյան փաստաթղթում խոսք կար Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, դա հզոր հակազդեցություն առաջացրեց Հայաստանում եւ Ղարաբաղում, իսկ հիմա նման բան չի նկատվում, ազատամարտիկը պատասխանեց. «Որովհետեւ այս իշխանություններն իրենց իշխանավարման շուրջ 11 տարիների ընթացքում ամեն ինչ արեցին, որպեսզի ժողովրդին դարձնեն հնազանդ, վախկոտ ու այլանդակություններին համակերպվող: Բազմաթիվ անգամ պարտվողական հայտարարություններ է արել Սերժ Սարգսյանը ԼՂ խնդրի հետ կապված: Երբ ես տարիներ շարունակ բարձրաձայնում էի, որ ՀՀ իշխանությունները պարտվողական բանակցություններ են վարում ու դիրքեր են գրավում, նրանք ասում էին, որ սա դիվանագիտություն է. „Ասում ենք, բայց չենք հանձնելու Ղարաբաղը“: Իսկ ես կարծում եմ, որ դավաճանությունը կայանում է նրանում, որ նրանք այդ հայտարարություններով մեզ վարժեցնում հարցի նման լուծմանը: Այսինքն, եթե վաղը-մյուս օրը տարածքները հանձնեն, մարդիկ 10-15 տարի անընդհատ լսելով տարածքները հանձնել-չհանձնելու մասին խոսակցությունները, այլեւս վարժված կլինեն դրան եւ գուցե չընդվզեն»:
Այսինքն Ղարաբաղի ժողովո՞ւրդն էլ է ահաբեկված, որ չի ընդվզում, հարցին էլ արձագանքեց. «Այո, Ղարաբաղը Հայաստանի փոքր պատճեն է. Նույն կլանային համակարգն է, որտեղ խելացի մարդկանց փորձում են հեռու պահել իշխանությունից: ԼՂ իշխանությունն էլ ՀՀ իշխանության ենթական է, ինչ ասում են, նրանք էլ լսում են։ Բայց օրը կգա, եւ այս ամենը կպայթի, այսպես չի մնա: Որեւէ բարբարոսի չի հաջողվել ընկճել հայ ժողովրդի ոգին: Այդ ոգին արթուն է եւ մի օր պայթելու է, եւ այդ օրը շատ է մոտեցել»:




























