2008թ. հետընտրական իրադարձությունների արդյունքում 8 տարվա ազատազրկման դատապարտված, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, եւ այսօր կամ վաղը նրան վիրահատության են ենթարկելու:

Միքայելյանը, որ 2008թ. մարտի 8-ից գտնվում է անազատության մեջ եւ Կոտայքի մարզի դատարանի հունիսի 22-ի վճռով դատապարտվել է 8 տարվա ազատազրկման՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով, պահվում էր «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում, սակայն առողջական վիճակի վատթարացման պատճառով նրան սեպտեմբերի 12-ին տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց»: դեռ անցած ամիս Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել էր արդարադատության նախարարին՝ խնդրելով ԱԺ նախկին պատգամավորին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, քանի որ ՔԿՀ-ում չկան անհրաժեշտ պայմաններ նրա բուժումը կազմակերպելու համար։ Արդարադատության նախարարությունից պատասխանել էին, որ դրա կարիքը չկա, քանի որ Միքայելյանը ստանում է անհրաժեշտ բուժումը: Փաստորեն, պարզվեց, որ կարիքը կար: