Այսօր Հայաստանում քաղաքական մթնոլորտը թունավորված, առճակատման մթնոլորտ է: Դեկտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը եւ հավելել, թե «միայն քաղբանտարկյալներին ազատելու դեպքում է ստեղծվում նոր իրավիճակ, երբ կարելի է խոսել բնականոն գործընթացների մասին»:
Վերջինս լրագրողների խնդրանքով անդրադարձել է նաեւ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, իբր Լեւոն Տեր-Պետրոսյանը 1992թ. «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին ասել է, որ «Արցախին պետք է տալ ինքնավարություն` Ադրբեջանի կազմում»:
«Ինձ համար կարեւոր են միայն դիվանագիտական փաստաթղթերը եւ դիվանագիտական դիրքորոշումները: Ես կարող էի պատասխանել այդ հարցին, բայց դրա համար պետք է բացահայտեի որոշ պետական գաղտնիքներ, որը չեմ անելու: Բայց մի բան հստակ կարող եմ ասել, այդ ժամանակաշրջանում Լեւոն Տեր-Պետրոսյանի բոլոր հայտարարություններն ուղղված են եղել ռազմական գործողությունների տեղեկատվական եւ քաղաքական ապահովմանը: Այդ տերմինը գիտե՞ք: Ավելին ես չեմ կարող ասել: Ի դեպ, մենք այդ հայտարարություններով հաղթանակներ ենք ապահովել»,- նկատել է ՀԱԿ ներկայացուցիչը:




























