Հայ ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը, ով անցած շաբաթ հարավկորեական Գոյանգ քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում դարձավ չեմպիոն, հայտարարեց, որ դեռ չի պատրաստվում ամուսնանալ, քանի որ այսօր իր կյանքում առաջնային տեղ է գրավում սպորտը։
«Ես ուրախ ու հպարտ եմ, որ կարողացա բարձրացնել ծանրաձողն ու երջանկություն պարգևել մեր ժողովրդին»,-այսօրվա մամուլի ասուլիսին ասաց Նազիկ Ավդալյանը։
Նշենք, որ վերջին անգամ մեր մարզիկներն աշխարհի չեմպիոն են դարձել 1989 թվականին։
Նազիկն ասաց, որ արդեն հոգնել է իր անձի նկատմամբ մեծ ուշադրությունից։ Նա հաջորդ շաբաթվանից սկսելու է իր մարզումները։ Մարզիկը նաեւ պատմեց, որ ծանրամարտով լրջորեն զբաղվել է վերջին 4 տարին։
«Մինչ այդ, տասը տարի զբաղվել եմ ակրոբատիկայով։ Խոստովանում եմ, որ այդ պարապմունքներն ինձ լրջորեն օգնեցին, երբ ես որոշեցի զբաղվել ծանրամարտով»,-նշեց Ավդալյանը։
Մամուլի ասուլիսին ներկա գտնվող Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը ընդգծեց, որ Նազիկ Ավդդալյանը 5մլն դրամ պարգեւ կստանա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից։ Բացի այդ, Խաչատրյանն ասաց, որ Նազիկին մեկ այլ անակնկալ էլ է սպասվում Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի՝ Գագիկ Ծառուկյանի կողմից։
Նշենք, որ ավանդույթի համաձայն՝ Ծառուկյանը մարզիկներին տալիս է դրամական պարգեւ կամ նվիրում բնակարան եւ ավտոմեքենա։




























