Ֆրանսիան, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը չեն կարող ճնշում գործադրել Հայաստանի վրա, որ նա ստորագրի Ղարաբաղը Ադրբեջանին հանձնող փաստաթղթի տակ: Ռուս գործիչ Իրինա Խակամադան ադրբեջանական «1news.az»-ին հայտնել է, թե չկա այդպիսի պարզ լուծման մոդել, կա միայն շատ բարդ գործընթաց՝ միտված դրան:
Խակամադան նաեւ հայտարարել է, թե Մոսկվան շահագրգռված է Ադրբեջանի հետ ավելի սերտ համագործակցության եւ բոլոր նախագծերում ավելի մեծ մասնակցության մեջ: «Այդ տեսակետից Ադրբեջանն ավելի ռեսուրսային բանակցորդ է, քան Հայաստանը, որը ոչինչ չունի` բացի Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններից»,- նշել է Խակամադան եւ հավելել, որ Ռուսաստանը խաղարկելու է իր խաղաքարտը, բայց ինչ-որ համաձայնությունների չի գնա, օրինակ` նավթը` Ղարաբաղի դիմաց. «Ռուսաստանը չի գնա միակողմանի զիջումների, քանի որ հետխորհրդային տարածքում իր դիրքերի թուլացման դառը փորձ ունի: Եվ Ռուսաստանի համար Հայաստանը որպես դաշնակից, թեկուզ եւ ոչ ռեսուրսային, բայց կարեւոր է: Հայաստանը չցանկացավ անդամագրվել ՆԱՏՕ-ին, այլ ձգտեց դեպի Ռուսաստան, եւ Ռուսաստանը դա բարձր է գնահատում»:



























