«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին Երեւանի թիվ 10 ընտրատարածքային հանձնաժողովը գրանցել է որպես պատգամավորի թեկնածու:
Դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել թիվ 10 ԸԸՀ նիստը, որը առաջադրված բոլոր 4 թեկնածուներին գրանցել է որպես թեկնածու: Առաջադրված թեկնածուներն են Նիկոլ Փաշինյանը, գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը եւ Արա Սիմոնյանը՝ «Ազգային Միաբանություն» կուսակցությունից: Հմայակ Հովհաննիսյանը, սակայն, ցանկություն է հայտնել առաջիկայում հանել իր թեկնածությունը՝ հօգուտ Նիկոլ Փաշինյանի:
Հիշեցնենք, որ թիվ 10 ընտրատարածքում պատգամավորի մանդատը թափուր էր մնացել գործարար Խաչատուր Սուքիասյանի հրաժարականից հետո: Ընտրություններն այս ընտրատարածքում կանցկացվեն հունվարի 10-ին, իսկ պաշտոնական քարոզարշավը կսկսվի դեկտեմբերի 7-ից:




























