Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը ճշտում է դեկտեմբերի 5-ին Պերմում գիշերային ակումբներից մեկում բռնկված հրդեհի արդյունքում տուժածների մեջ իր քաղաքացիների առկայության վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Գեւորգ Մինասյանը:

Նրա խոսքով, իրավիճակը բավական լարված է, տուժածներին տեղավորում են երկրի տարբեր մարզերի հիվանդանոցներում: Որոշներին, ըստ Մինասյանի, տեղափոխել են Մոսկվա:

Մինասյանը նաեւ հայտնեց, որ Ռուսաստանի ԱԻՆ կայքում տեղադրված տուժածների ցանկում նշվում է 1974թ. ծնված Էդուարդ Ղազարյանի անունը, եւ այս պահին դեսպանատունը փորձում է պարզել տղամարդու քաղաքացիությունը: Նշենք, որ համաձայն նախարարության տեղեկատվության, Ղազարյանը տեղափոխվել է Պերմի Ինդուստրիալ շրջանի հիվանդանոցի տոքսիկոլոգիայի բաժանմունք, նրա մարմինն այրվել է 90 տոկոսով:

Հիշեցնենք, որ Պերմի զվարճանքի վայրերից մեկում ուժգին հրդեհը, որին ճշտված տվյալներով զոհ են գնացել 103 հոգի, իսկ 130-ը այրվածքներ են ստացել, բռնկվել էր շաբաթ գիշերը, Երեւանի ժամանակով 00:30-ին:

Միջադեպի նախնական վարկած էր համարվում այսպես կոչված «սառը հրավառությունը», կազմակերպիչները չէին հաշվարկել հաստատության առաստաղի բարձրությունը, հրավառության շիթը հասել էր առաստաղին, որն էլ վայրկենապես բռնկվել էր:

Այնուհետ որպես վարկած սկսեց քննարկվել լուսավորող սարքերի հոսանքալարի պոկվելը: