Ադրբեջանի հեռուստառադիոհեռարձակման ազգային խորհուրդը կարող է արգելել երկրի տարածքում օտարերկրյա այն ալիքների հեռարձակումը մալուխային հեռուստատեսության միջոցով, որոնք Ադրբեջանի դեմ ուղղված հաղորդումներ են հեռարձակում: Այդ մասին շաբաթ օրը Trend News-ին հայտնել է խորհրդի նախագահ Նուշիրեւան Մագերամլին:

«Եթե Euronews-ն ու մյուս օտարերկրյա ալիքները շարունակեն Ադրբեջանի դեմ հաղորդումներ պատրաստել, մենք որոշում կընդունենք երկրի տարածքում մալուխային հեռուստատեսության միջոցով այդ ալիքների հեռարձակման դադարեցման մասին»,- ասել է Մագերամլին:

Նրա խոսքով, Ադրբեջանի իշխանությունների նման մոտեցումը տեղավորվում է երկրի օրենսդրության շրջանակներում:

Հիշեցնենք, որ Euronews-ի՝ Ադրբեջանում բուռն հակազդեցություն առաջացրած, ընդհուպ մինչեւ ԱԳՆ պաշտոնական նոտայի հղում, հաղորդման մեջ պատմվում էր Լեռնային Ղարաբաղի մասին: Ալիքի լրագրողն իր ռեպորտաժում պատմում էր, որ 1991թ. ԼՂՀ-ն հայտարարել է իր անկախության մասին, ինչն էլ հանգեցրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի: «1994թ. հրադադար է կնքվել, բայց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դեռ ճանաչված չէ միջազգային մակարդակում»: Լրագրողը պատմում է նաեւ ավանդական հայկական եկեղեցիների մասին՝ նկատելով, որ «շատ հայերի համար հավատը մեծ դեր է խաղում: Տարածաշրջանում հարյուրավոր հայկական եկեղեցիներ եւ վանքեր կան»:

"ԼՂՀ-ն վերահսկում է մերձակա շրջանները՝ ավերված տներով, որտեղ ոչ ոք չի ապրում: Պատերազմի ժամանակ սպանվել է 17 հազար հայ եւ 25 հազար ադրբեջանցի: Եւս մեկ միլիոնը կորցրել է իր տունը: Ի նշան Ադրբեջանի հետ համերաշխության՝ Թուրքիան փակեց Հայաստանի հետ սահմանը,- նշել է լրագրողը:

Հարկ է նշել, որ Ադրբեջանի իշխանությունները հարուստ փորձ ունեն լրատվամիջոցներ փակելու գործում: 2009թ. հունվարի 1-ի որոշմամբ՝ Ադրբեջանի ազգային կապուղիներով դադարեցվեցին BBC-ի, «Ազադլիգի» («Ազատության») եւ «Ամերիկայի ձայնի» հեռարձակումները: Այժմ էլ նման ճակատագիր է սպասվում Euronews-ին: