Հայազգի բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Super Six World Boxing Classic-ի շրջանակներում իր հաջորդ մենամարտը կանցկացնի մարտի 6-ին։ Այդ օրը նա կմրցի ամերիկացի Անդրե Դիրելի հետ։

Հիշեցնենք, որ ի սկզբանե մենամարտը նշանակված էր հունվարի 23-ին Նյու Յորքում, սակայն, համաձայն մի շարք աղբյուրների, հայ մարզիկը հիվանդացել է, եւ նրա մարզումները կանգնեցվել են։ Բռնցքամարտիկի ընկերներից մեկն ավելի ուշ հայտնել էր, որ «Արթուրի հիվանդության մասին լուրերը ապատեղեկատվություն են»։

Նշենք նաեւ, որ Աբրահամն ավելի վաղ իր մարզչի՝ Ուլի Վեգների քննադատության էր արժանացել այն բանի համար, որ շատ է ճանապարհորդում եւ հազվադեպ է լինում մարզադահլիճում։

«Եթե նա խելքը գլուխը չհավաքի, ապա կպարտվի մրցակցին»,- հայտարարել էր հայ բռնցքամարտիկի մարզիչը։