Հայաստանում այսօր՝ դեկտեմբերի 7-ին հիշում են 1988թ. Սպիտակի երկրաշարժին զոհ գնացած 25 հազար եւ անօթեւան մնացած 514 հազար մարդկանց։
Ռիխտերի սանդղակով 7 բալանոց ցնցումները 30 վայրկյանում ավերեցին երկրի հյուսիսը. ամբողջովին ավերվեցին Սպիտակը եւ 58 գյուղեր, մասամբ՝ Լենինականը (այժմ Գյումրի), Ստեփանավանը, Կիրովականը (այժմ Վանաձոր) եւ 300 բնակելի տարածքներ։
Ընդհանուր առմամբ, երկրաշարժը ներառեց Հայաստանի տարածքի շուրջ 40 տոկոսը։ Վթարից խուսափելու համար դադարեցվեցին Հայկական ԱԷԿ-ի աշխատանքները։
Ավերված շրջանների վերականգնման գործում մասնակցեցին ԽՍՀՄ հանրապետություններ, բազմաթիվ այլ երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Նորվեգիան, Բելգիան ու Շվեյցարիան, եւս հնարավոր օգնություն ցուցաբերեցին՝ տրամադրելով մասնագետներ, մթերք եւ դեղամիջոցներ։
Կառուցվեցին ժամանակավոր կացարաններ, արտերկրի բժիշկների խմբերը օգնություն ցուցաբերեցին տուժածներին, մարդասիրական օգնության հավաքագրման կենտրոններ բացվեցին գրեթե բոլոր խոշոր քաղաքներում։
Այսօր՝ ավերիչ երկրաշարժի 21-րդ տարելիցի օրը, աղետի գոտի կայցելի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Աղետից նույնիսկ այսքան տարիներ անց երկրաշարժի գոտում շատ ընտանիքներ շարունակում են ապրել ժամանակավոր կացարաններում։ Նրանց բնակարաններ տրամադրելու խնդիրը կառավարությունը խոստացել է լուծել 2013թ-ին։




























