Թուրքիան մտադիր չէ մեծացնել Աֆղանստանում իր զինուժի թիվը։ Այս մասին ԱՄՆ մեկնելու նախօրեին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է Washington Post-ը։
«Թուրքիան արդեն արել է այն, ինչ կարող էր՝ իր զինվորների թիվը 700-ից հասցնելով 1750-ի»,- հայտարարել է Էրդողանը։
Նրա խոսքով, թուրք զինվորները չեն մասնակցում այդ երկրում տեղի ունեցող ռազմական գործողություններին, ինչին Անկարան հասել է Վաշինգտոնի կողմից գործադրվող մշտական ճնշումներին դիմագրավելու գնով։
Associated press-ի տվյալներով, Էրդողանը հայտարարել է նաեւ, թե չնայած նրան, որ Թուրքիան հրաժարվում է մեծացնել իր զինուժի թիվն Աֆղանստանում, սակայն չի բացառում տարածաշրջանում իրականացվող բուժօգնության, ինչպես նաեւ կրթության մակարդակի բարձրացման հնարավորությունը։
Նրա խոսքով, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ կքննարկվեն տարածաշրջանային բնույթի հարցեր, այդ թվում՝ իրավիճակը Իրաքում եւ Մերձավոր Արեւելքում։




























