Երեկ ուշ երեկոյան ավտովթարի արդյունքում զոհվել են «Որոգայթ» հեռուստասերիալի հերոսներ Արամ Միսկարյանը (Գարիկ) և Գեղամ Ղանդիլյանը (Գոքոր) ։

Այս մասին NEWS.am-ին հայտնել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայությունից։ Ըստ ստացված մանրամասների, ավտովթարը տեղի է ունեցել հունիսի 22-ի ժամը 22.55-ին Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրում (հարավսլավացի զոհված փրկարարների հուշարձանի մոտ)։

Ոստիկանությունից ստացված տեղեկության համաձայն, «BMW-745» մակնիշի 11 ԼՏ 602 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու շրջվել։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Արմավիրի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը։

Ժամը 23.15-ին փրկարարները Գոհար Տեր-Ադամյանին պատկանող ավտոմեքենայից դուրս են բերել 1973 թ. ծնված Արամ Միսկարյանի և 1974 թ. ծնված Գեղամ Ղանդիլյանի դիերը, ինչպես նաև տուժած վարորդին` Երևանի Սողոմոն Տարոնցի փողոցի 1/3 շենքի թիվ 19 բնակարանի բնակիչ, 1983 թ. ծնված Էդգար Տեր-Ադամյանին, որը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի հիվանդանոց։ Բժիշկները տուժածի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր։