Միջազգային ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ) այսօր հայկական կողմին առաջարկել է մասնագետ գործուղել, ով կմասնակցի իրանական «Caspian Airlines» ավիաընկերությանը պատկանող եւ վթարի ենթարկված ՏՈՒ-154 ինքնաթիռի վթարի հանգամանքների հետաքննությանը: Այս մասին հայտնել է Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը:
«ՔԱԳՎ ղեկավարությունն արդեն կողմնորոշվել է այդ մասնագետի հարցում: Ավիավթարի հետաքննությանը հայկական կողմից կմասնակցի ՔԱԳՎ գլխավոր մասնագետ Արմեն Սիմոնյանը»,-ասել է նա:
Նշենք, որ միջազգային օդային օրենսդրության համաձայն, ՄԱԿ-ում արդեն կազմավորվել է մասնագետների խումբ, որը Իրան է մեկնում ավիավթարի հետաքննություն իրականացնելու համար: Այն գլխավորում է ԽՍՀՄ վաստակավոր օդաչու Գեորգի Յաչմենեվը:
Հիշեցնենք, որ երեկ, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում եղել են 168 մարդ, այդ թվում 15 հոգանոց ինքնաթիռի անձնակազմը: Նրանք բոլորը զոհվել են: Ուղեւորների թվում եղել են տասնյակ հայեր, որոնցից 5-ը ՀՀ քաղաքացիներ, այդ թվում՝ ինքնաթիռի 2 ավիատեխնիկները:




























