«Միավորված հայեր» կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանն այսօր` ապրիլի 12-ին, ուղեւորվել է Կոտայքի մարզ` Աբովյան քաղաքում նախընտրական շտաբի բացման կապակցությամբ: Կուսակցությունից NEWS.am-ին հայտնեցին, որ նրա գլխավորությամբ տեղի է ունեցել նախընտրական շտաբի բացման պաշտոնական արարողությունը:
Շտաբի ղեկավար է նշանակվել իրավաբան Սերգեյ Բուդաղյանը: Շտաբի բացման ժամանակ նախընտրական քարոզչության ծրագրի շրջանակներում հավաքվածների առջեւ ելույթ է ունեցել Ռուբեն Ավագյանը: Նա պատասխանել է նաեւ մի խումբ ընտրողների հարցերին: Աբովյան քաղաքի նախընտրական շտաբի ղեկավարն իր հերթին պատրաստակամություն է հայտնել իրականացնելու նաեւ իրավաբանական խորհրդատվություն ընտրողների համար:




























