«Ռուբեն Հայրապետյանը, հաշվի առնելով, որ ես բազմազավակ հայր եմ, ընտրության մեջ եմ, դրա համար գումար է փոխանցել»,-այդ մասին մի քանի լրագրողների հետ զրույցում նշել է Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը` մեկնաբանելով Հայրապետյանի կողմից իր նախընտրական հիմնադրամ 50 հազար դրամ վճարելու փաստը:

Հարցին, թե ինչո՞ւ ինքը պատասխան քայլով նույնքան գումար չի մուծել Հայրապետյանի նախընտրական հիմնադրամին, Ալեքսանյանը պատասխանեց. «Ինքը դրա կարիքը չունի»:

3 երեխա ունենալը բազմազավակ լինելու նշան չէ՞:

Չէ: Չորս եւ ավելին է: (Ալեքսանյանն ունի 7 երեխա-խմբ.)

Ինչպե՞ս եք պահելու Ձեր երեխաներին, միայն պատգամավորի աշխատավարձո՞վ:

Այո, բավարարում է:

Ձեր նախընտրական հիմնադրամին որքա՞ն գումար է փոխանցվել:

Դեռ չենք հաշվել, բայց կարծում եմ` կբավականացնի: Իմ վիճակը հասկանալով` ժողովուրդը մուծումներ կանի, եւ կբավականացնի:

Կընտրի՞ ժողովուրդը Ձեր պես սոցիալական ծանր վիճակում գտնվող թեկնածուին:

Այո, կընտրի:

Ձեր մրցակիցների մասին ի՞նչ կասեք:

Ընտրություն է, թող սաղ էլ պայքարեն:

Չեք կարծո՞ւմ, որ իրենց սոցիալական վիճակը կարող է ավելի լավ լինել, եւ կաշառք բաժանեն ու անցնեն:

Դա իրանց պրոբլեմն ա:

Դուք չե՞ք բաժանելու:

Ինձ փող որտեղի՞ց, որ բաժանեմ:

«Սիթի»-ները վաճառեք, բաժանեք:

«Սիթի»-ներն իմը չեն:

Ձեր կնոջից ուզեք:

Չէ, այդ հարցերով չի օգնում ինձ: Ասում ա` դրել ես, գնա մասնակցի, կրի:

Բանավիճելո՞ւ եք Ձեր մրցակցի` Նիկոլ Փաշինյանի հետ:

Եթե չեք լսել, Հայրապետյանը ասուլիս ա տվել, ասել ա: Ինքը իմ ընկերն ա, կարա իմ տեղը ասի: Հայրապետյանն ինչ ասում ա`ճիշտ ա ասում: (Նշենք, որ Հայրապետյանն ասել էր. «Ալեքսանյանին կդադարեմ հարգել, եթե գնա` Նիկոլի հետ բանավիճի, նրա հետ հավասարվի: Սամվել Ալեքսանյանի հետ թող գնա իր առաջնորդը, եւ Սամվել Ալեքսանյանը կապացուցի, թե ով է ավելի օգտակար` ինքը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը»):

Ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը:

Թող ժողովուրդն ասի: Ես ասել եմ, որ իմ մրցակիցը Վարդան Վարդանյանն է:

Բացառո՞ւմ եք, որ բախումներ կլինեն այս ընտրատարածքում:

Ոչ մի բան չի լինի: Մենք քաղաքակիրթ ձեւով ընտրությունները կանցկացնենք:

Իսկ լցոնումներ լինելո՞ւ են:

Մենք ոչ մի անգամ նման բանով չենք զբաղվել:

Ինչո՞ւ Ազգային Ժողովում հարցեր չեք տալիս:

Հիմա որոշել եմ` ակտիվ եմ լինելու:

Ո՞րն է լինելու Ձեր առաջին նախաձեռնությունը նոր ԱԺ-ում:

Սպորտի հետ կախված, սոցիալական հարցերով: Ժամանակը կգա, խնդիրը կդնենք, դուք էլ կլսեք:

Սպորտի մասին օրինագիծը Ռուբեն Հայրապետյանն է ներկայացնելու:

Ինքը իմ ընկերն է, ինքը կարող է ներկայացնել, ես էլ կարող եմ ներկայացնել: