Ռուբեն Հայրապետյանի «մեծահոգության համար» «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը չգիտի, թե ինչպես իր երախտիքի խոսքերն արտահայտի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ստյոպա Սաֆարյանը, արձագանքելով Ռուբեն Հայրապետյանի այն առաջարկին, որ պատրաստ է շտաբ տրամադրել իր մրցակիցներին, քանի որ ցանկացած խեղճ քաղաքացու աջակցում է:
«Բայց ներեցեք, իմ մրցակցի միջնորդական ծառայություններից օգտվելու մտադրություն երբեւէ մտքովս չի անցել: Ես ուզում եմ, որ յուրաքանչյուրն իր թաղում, իր համայնքում իրեն այնպես պահի, որ սովորական շարքային քաղաքացիները, ոչ թե իր միջնորդավորմամբ այդ տարածքները տրամադրեն, այլ ուղղակի, առանց միջնորդների»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը: Վերջինս կարծում է նաեւ, որ այն հանգամանքը, որ ինքը չի կարողանում շտաբ գտնել Ավանում, եւս Ռուբեն Հայրապետյանի հանգամանքով է պայմանավորված:
«Իհարկե, իր անձով է պայմանավորված: Գիտեք, որն է խնդիրը, Ավանում բոլոր տարածքները եւ անգամ միմյանցից 5 մետր հեռավորության վրա տեղադրել են Հանրապետական կուսակցության շտաբները: Այնինչ ` ինչպես ավանցիներն են նշում, դրա կարիքը չկա եւ դա արվել է մի նպատակով, որպեսզի ազատ տարածք մրցակիցների համար չլինի: Վերջապես, եթե միայն պարոն Հայրապետյանի թույլատվությամբ ավանցիները կարող են տարածք տալ, ապա այդտեղ ոչ թե ես մտածելու խնդիր ունեմ, այլ հենց ավանցիները»,- նշեց Ստյոպա Սաֆարյանն ու հավելեց. «Փառք Աստծո, այնքան վճարողունակ ենք, որ կարողանանք շտաբներ վարձել: Դրա համար ընդամենը պետք է չվախենալ մրցակիցներից եւ թույլ տալ, որ քաղաքացիները վարձակալությամբ տարածք տան»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուբեն Հայրապետյանը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ պատրաստ է աջակցել իր մրցակիցներին շտաբ գտնելու հարցում, անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հայտարարությանը, թե տեւական ժամանակ չեն կարողանում շտաբ գտնել Ավանում: «Իմ մրցակիցներից կամ մեր կուսակցությանը մրցակից կուսակցություններից որեւէ մեկը, եթե ինչ-որ հարցում նեղվում է, թող դիմեն ինձ, ես կօգնեմ նրանց»,- նշել էր հանրապետական պատգամավորը: Հայրապետյանը պատրաստ է անգամ ինքը վճարել շտաբների համար: «Ոչ էլ թող վճարեն, ես կվճարեմ նրանց փոխարեն: Եթե չեք կարողանում շտաբ ճարել, ինչո՞ւ եք մտնում քաղաքականության մեջ, այն էլ մեծ: Ամբողջ մի տարածքում չեն կարողանում շտաբ ճարել: Ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ նախագահական ընտրությունների ժամանակ չէր կարում շտաբ ճարել: Զանգեցին ինձ, արագ տարա շտաբի տեղ ճարեցի, հետո վեր կացան, ասեցին, թե ճնշում են իրենց: Ես ՀՀ ցանկացած խեղճ քաղաքացու աջակցում եմ»,- նշել էր Հայրապետյանը:




























