«Ժառանգության» ցուցակի մաս կազմող կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները` Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, այսօր` ապրիլի 12-ին, այցելել են Ծաղկաձոր, Հրազդան, Չարենցավան, Բյուրեղավան, Նոր Հաճն, Եղվարդ, Աբովյան, Գառնի եւ հանդիպել ընտրողների հետ:

«Ժառանգության» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումների ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանից բացի ելույթ են ունեցել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, Ազգային Ժողովի նախկին փոխխոսնակ, քաղբանտարկյալ Կարապետ Ռուբինյանը, նախկին արտգործնախարար, քաղբանտարկյալ Ալեքսանդր Արզումանյանը, քաղաքացիական հասարակությունը ներկայացնող վերլուծաբան Թեւան Պողոսյանը եւ լրագրող Արաքս  Պողոսյանը:

Հրազդանյան հանդիպման ընթացքում խոսելով ազատ եւ արդար ընտրությունների ապահովման մասին, Րաֆֆի Հովհաննիսյանը կարեւորել է համակարգող շտաբի ստեղծումը, ինչպեսեւ դրա գործունեությունը կանոնակարգող փաստաթղթի տակ մասնակից քաղաքական ուժերի առաջին դեմքերի ստորագրությունների առկայության անհրաժեշտությունը: Նա նաեւ նշեց. «Հավատում եմ, որ Կոտայքը, ողջ Հայաստանը հայ ժողովրդի, քաղաքացու սեփականությունն է»:

Իսկ Նոր Հաճնում Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Եթե մենք մեր ուժերին ապավինենք, չսպասենք փրկարարներին եւ փրկիչներին, ապա այս ողորմությունը կմնա անցյալի գրկում»: