Ընդդիմադիր դաշտում գործող կուսակցությունները գտնվում են մրցակցային անհավասար դաշտում, քանի որ իշխանության ձեռքին են գտնվում վարչական  ռեսուրսները: Այս մասին այսօր` ապրիլի 12-ին, հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը` ԵԽԽՎ բյուրոյի նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպմանը մասնակցել են «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, նաեւ «Ազատ դեկոկրատներ» կուսակցության անդամներ Անուշ Սեդրակյանը եւ Արմեն Առաքելյանը:

ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար բարոնուհի Էմմա Նիքոլսոնը շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` տեղեկացրել է, որ  մայիսի 3-4-ը Հայաստան կժամանեն  30 հոգուց բաղկացած ԵԽԽՎ դիտորդական առաքելության անդամները:

Բարոնուհու խնդրանքով «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ներկայացուցիչները պատվիրակությանը ներկայացրել են ընտրական գործընթացներին առնչվող  եւ  իրենց մտահոգող հարցերը:

Ս. Սաֆարյանի կարծիքով` բարեգործության անվան տակ հատկապես գյուղական համայնքներում բաժանվում են  տարբեր նվերներ: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Անուշ Սեդրակյանը նշել է, թե  իրականացվում են, այսպես ասած` քողարկված ընտրակաշառքներ, երբ որոշակիորեն թանկ ապրանքը վաճառվում է համեմատաբար ցածր գնով:

Ըստ  «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչների` նախընտրական շրջանում, ինչպես նաեւ բուն ընտրությունների օրը տեղի են ունենում բռնարարքներ, ուռճացվում են ընտրական ցուցակները:

Անդրադառնալով  մեծամասնական համակարգով  կայանալիք  ընտրություններին` Ստյոպա Սաֆարյանը նկատել է, որ այս դաշտում եւս ընդդիմադիր թեկնածուները հանդիպում են դժվարությունների: Դրանցից է, օրինակ, նախընտրական շտաբի համար տարածք վարձակալելու հարցը: Ըստ նրա` տարածքների տերերը հրաժարվում են դրանք վարձակալության հանձնել ընդդիմադիր թեկնածուներին:

ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարը  կարծիք է հայտնել, որ նմանօրինակ խնդիրներ առկա են նաեւ այլ երկրներում եւ այդ իմաստով  Հայաստանը բացառություն չէ:

Բարոնուհի Էմմա  Նիքոլսոնը  «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ներկայացուցիչներին խնդրել է գրավոր  իրեն տրամադրել ներկայացված մտահոգություններն ու հարցերը, որպեսզի  մայիսին Հայաստան  ժամանող ԵԽԽՎ դիտորդական առաքելության անդամներն առավել հստակ պատկերացնեն բոլոր խնդիրները: