ՀՅԴ պատգամավորները որոշ հանգամանքներով պայմանավորված` վերապահումով են վերաբերում ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու հնարավորությանը: Այս մասին նրան նշել են ԵԽԽՎ նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակության հետ հանդիպամն ժամանակ:
Հանդիպմանը ՀՅԴ-ից մասնակցել են խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, պատգամավորներ Լիլիթ Գալստյանն ու Արծվիկ Մինասյանը: Նրանք ներկայացրել են նախընտրական փուլի եւ բուն ընտրությունների վերաբերյալ իրենց մտահոգությունները:
Լիլիթ Գալստյանի կարծիքով` սոցիալ-տնտեսական վիճակը եւ աղքատության բարձր ցուցանիշը խոցելի են դարձնում քաղաքացուն ազատ ընտրելու եւ արտահայտվելու հարցում: Պատգամավորը պատճառներից մեկը համարել է նաեւ քաղաքական մշակույթի բացակայությունը, երբ ընտրություն է կատարվում ոչ թե գաղափարախոսությունից ելնելով, այլ տարբեր չափանիշներով առաջնորդվելով: ՀՅԴ պատգամավորները մտավախություն են հայտնել վարչական ռեսուրսների հնարավոր օգտագործման, քարոզչական անհավասար պայմանների, անձնագրերի հավաքագրման` իրենց հասած լուրերի վերաբերյալ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ընտրություններին վերաբերող այլ խնդիրների, խոսվել է միասնական շտաբ ձեւավորելու անհրաժեշտության եւ ջանքերը համատեղելով ընտրությունները վերահսկելու արդյունավետության մասին: Վահան Հովհաննիսյանը նկատել է, որ իրենց նախաձեռնած «Քվեն ուժ է» հասարակական շարժումը բաց է բոլորի համար եւ կարող է համագործակության լավ հարթակ դառնալ: Այդուհանդերձ` ՀՅԴ-ն քաղաքական այլ ուժերի հետ համագործակցում է նաեւ երկու կառույցում` ԱԺ նախագահին կից մոնիթորինգային խմբում եւ ընդդիմադիր ուժերի ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ միասնական շտաբում:
Խմբակցության անդամները կարեւորել են դիտորդների երկարաժամկետ եւ մեծաքանակ ներկայությունն ընտրական փուլում` ժողովրդավարական չափանիշերին համապատասխան ընտրություն անցկացնելու համար:




























