Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել, կապված Սամվել Տոնոյանի՝ ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ նշանակվելու վերաբերյալ:
Հայտարարությունում մասնավորապես ասված է.
«2012 թ. ապրիլի 12-ին ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանի հրամանով Ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ է նշանակվել Սամվել Տոնոյանը:
Հիշեցնենք, որ 2010 թ. ապրիլի 13-ին Ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված 6 քաղաքացիներից՝ Վահան Խալաֆյան, Դավիթ Գյուլումյան, Նորայր Չիլյան, Արայիկ Առաքելյան, Արթուր Իսպիրյան, Շիրազ Մարկոսյան, Վահան Խալաֆյանը նույն օրը մահացել է Ոստիկանության բաժնում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից Վ. Խալաֆյանի մահվան հանգամանքների ուսումնասիրությունների արդյունքում, այնուհետեւ հարուցված քրեական գործի շրջանակներում հաստատվել է ոստիկանության բաժնում բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ բռնությունների փաստերը: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական բաժանմունքի մի խումբ աշխատակիցների նկատմամբ, որոնցից բաժանմունքի պետ Ա. Հարությունյանը մեղավոր ճանաչվեց եւ դատապարտվեց 8 տարի ազատազրկման: Օպերլիազորներ Գարիկ Դավթյանի, Գագիկ Ղազարյանի եւ Մորես Հայրապետյանի նկատմամբ կիրառվեց համաներում եւ նրանք ազատվեցին պատժի կրումից:
Վահան Խալաֆյանի մահվան վերաբերյալ թե’ նախաքննության եւ թե’ դատաքննության փուլում լրատվամիջոցներում հրապարակվեցին բազմաթիվ տեղեկություններ, մեկնաբանություններ այն ժամանակ ոստիկանության Չարենցավանի բաժնի պետի օպերգծով տեղակալ Սամվել Տոնոյանի հնարավոր դերակատարման մասին:
Թեեւ նախաքննության եւ դատաքննության ընթացքում Ս. Տոնոյանը ներգրավվեց միայն որպես վկա, սակայն նրա տված ցուցմունքները եւ պարզաբանումները որեւէ վստահություն չներշնչեցին Վահան Խալաֆյանի մահվան գործում առնչություն չունենալու վերաբերյալ:
ՀՀ ոստիկանապետի կողմից Սամվել Տոնոյանի նշանակումը Ոստիկանության Չարենցավանի բաժնի պետի պաշտոնում առաջացնում է առնվազն տարակուսանք: Ոստիկանապետը բաժնի պետի պաշտոնում նշանակում է մի անձի, որի ենթակայությամբ աշխատած ոստիկանները մեղադրվել են քաղաքացիների նկատմամբ բռնություններ եւ խոշտանգումներ կիրառելու հիմքով, որոնցից մեկը մահացել է:
Գտնում ենք, որ նման կադրային նշանակումը առաջացնում է Ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից մարդու իրավունքների խախտման վտանգներ, որի ողջ պատասխանատվությունը կրում է ոչ միայն անձամբ Ս. Տոնոյանը, այլեւ ՀՀ ոստիկանապետ Վ.Գասպարյանը»:




























