Թուրքիայում քրդերի կողմից բողոքի գործողությունները չեն հանդարտվում։ Դեկտեմբերի 6-ին Դիարբեքիրում կրկին բախումներ են տեղի ունեցել քրդերի եւ ոստիկանության միջեւ։ Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ բախումների ժամանակ հրազենային վնասվածքից զոհվել է մեկ հոգի։ Կա նաեւ վիրավորված ոստիկան։
Մերսինում կրկին բախվել են PKK-ի (Քրդական բանվորական կուսակցության) կողմնակիցները եւ ոստիկանները։
NEWS.am-y հիշեցնում է, որ Թուրքիայում PKK-ի (Քրդական բանվորական կուսակցության) կողմնակիցները սկսեցին բողոքի գործողությունները՝ իսլամական Կուրբան բայրամի վերջին օրը, որը համընկնում էր PKK-ի ստեղծման 35 ամյակի հետ։ Բողոքի ակցիաները սկսվեցին Մերսին քաղաքում եւ տարածվեցին ամբողջ Թուրքիայով մեկ։ Արդեն 5 օր տեւող բողոքի գործողությունների ընթացքում ձերբակալվել են տասնյակ ցուցարարներ, այրվել են ոստիկանության տրանսպորտային միջոցներ եւ մեկ զրահամեքենա։ Իզմիրում բողոքավորները այրել են քաղաքային ավտոբուսը։
Այս ամենը առիթ հանդիսացավ, որ թուրքական ընդդիմադիր կուսակցությունները, ովքեր դեմ են իշխանությունների հայտարարած քրդական հարցի կարգավորման նախաձեռնությանը, եւս մեկ անգամ իշխանություններին մեղադրեն սխալ քաղաքականության մեջ։
Իր հերթին, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ բոլոր ցուցարարները հատ-հատ ձերբակալվելու են։




























