Ոստիկանությունը պարզաբանել է www.iditord.org կայքում Աջափնյակի Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի կողմից ընտրացուցակների վերաբերյալ հրապարակված մի շարք տեղեկություններ: Նշենք, որ կայքը վեր է հանել ընտրողների անուններ, որոնք չպետք է լինեն ընտրական ցուցակներում:
Ոստիկանությունը յուրաքանչյուր բարձրաձայնված խախտման վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացրել: Օրինակ Աջափնյակի ՀԱԿ գրասենյակից հաղորդագրություն է ստացվել, որ ընտրացուցակի մեջ ընդգրկված է Սիսակյան 16 շենքը, որը քանդված է, գոյություն չունի: Այդ քանդված շինությունում գրանցված է թվով 27 անհայտ ընտրող:
Ոստիկանությունը պարզաբանել է. «Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Աջափնյակ վարչական շրջանի Սիսակյան փ. 16 եւ 22 շենքերը ապամոնտաժված են, բնակիչների գտնվելու եւ բնակվելու վայրը հայտնի չէ: ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշման համաձայն բնակելի տարածության ապամոնտաժումը քաղաքացուն հաշվառումից հանելու հիմք չէ: Անձնագրային ծառայությունը, նշված դեպքում, առանց քաղաքացու դիմումի իրավասու չէ վերջինիս հանելու հաշվառումից»:
Ավետ Պողոսյանի նախընտրական շտաբի հայտնած մեկ այլ հաղորդագրության համաձայն, Մարգարյան փ. 20/3շ. բն.40-ի բնակիչ Ասիա Մելիքյանը մահացած է:
«Ստուգմամբ պարզվել է, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը` Ասիա Ավագի Մելիքյանը մահացած չէ եւ բնակվում է նշված հասցեում»:
Կամ էլ Արզումանյան փ. 16/1 բն. 5 բնակիչ, ընտրող` Նելլի Դավթյանը մահացած է: Ոստիկանությունն այս անգամ էլ պարզել է, որ Ն. Դավթյանը մահացած չէ, շուրջ 6 տարի (մինչ օրս) բնակվում է Արզումանյան փ. 16/1 թիվ 5 բնակարանում:
Երեք այլ մարդկանց ծննդյան օրվա եւ ամսաթվի փոխարեն զրոների առկայությունը ոստիկանությունը բացատրել է նրանով, որ անձնագիր ստանալու համար հիմք հանդիսացող փաստաթղթում դրանք բացակայել են:
Ինչ վերաբերում է Մարգարյան թիվ 45 եւ 47 շենքերին, որոնք կիսաքանդ են եւ այնտեղ ոչ ոք չի ապրում, թեեւ ընտրացուցակներում գրանցված են համապատասխանաբար 58 եւ 66 անհայտ ընտրողներ, ոստիկանությունը նշում է. «Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Մարգարյան փ. 37 եւ 45 շենքերը 2009թ.-ից գտնվում են վթարային վիճակում: Բնակեցված է 37 շենքի թիվ 17 բնակարանը եւ 45 շենքի թիվ 33 բնակարանը, իսկ մյուս բնակիչների գտնվելու եւ բնակվելու վայրը հայտնի չէ: ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշման համաձայն բնակելի տարածության վթարային վիճակում գտնվելը քաղաքացուն հաշվառումից հանելու հիմք չէ: Անձնագրային ծառայությունը, նշված դեպքում, առանց քաղաքացու դիմումի իրավասու չէ վերջինիս հանելու հաշվառումից»:
Բազմաթիվ են դեպքերը, երբ ոստիկանության ստուգմամբ հիմնավորվել են մահվան վերաբերյալ տեղեկությունները եւ անձինք հանվել են բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից:




























