ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի այն հայտարարությանը, թե իր դստեր նշանածի սպանության գործով ձերբակալվածները ԲՀԿ-ի շտաբի կարկառուն ներկայացուցիչներ են:
«Ես ցավում եմ, որ անգամ մարդկային ցավը չի սթափեցնում որոշ պաշտոնյաների, եւ նրանք փորձում են նույնիսկ նման դժբախտությունը քաղաքականացնել։ Մեկ բան հստակ է՝ «Բարգավաճ Հայաստանի» որեւէ ներկայացուցիչ, համակիր, համախոհ, այդ դեպքի հետ որեւէ, անգամ հեռավոր առնչություն չունի եւ չէր էլ կարող ունենալ: Ինչպես նաեւ՝ ձերբակալված անձը մեր կուսակցության հետ որեւէ կապ չունի»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Նաիրա Զոհրաբյանը:
«Ես, իհարկե, հասկանում եմ, որ որոշ պաշտոնյաներ երեւակայության լուրջ ավելցուկ ունեն, սակայն ուղղակի պարկեշտ չէ անգամ ընտանեկան ողբերգության մեջ քաղաքական դիվիդենտներ փնտրելը։ Ընտրությունները գալու եւ անցնելու են, եւ պետք չէ անհուսորեն ընկնել քաղաքական էյֆորիայի գիրկն ու անել խիստ վտանգավոր հայտարարություններ»,-ասել է ԲՀԿ-ական պատգամավորը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր դստեր նշանածի սպանության գործը կապում է քաղաքականության հետ՝ միաժամանակ հերքելով, որ դա կատարվել է խանդի հողի վրա։ «Խանդի խնդիր չկա, դա սուտ է: Բոլոր ձերբակալվածները Գյումրիի ԲՀԿ-ի շտաբի կարկառուն անդամներն են: Խանդի վարկածը սարքովի է եւ այդ երիտասարդն՝ իր ընտանիքով, շրջապատով ԲՀԿ-ական են։ Պատճառը քաղաքական է, որ մեզ հանեն այս ընտրապայքարից, ոնց որ նախորդ անգամ մեզ խփեցին ընտրությունների ժամանակ, որ հանեին ընտրապայքարից, սա էլ նույն սցենարի նման մի բան է»»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել էր նա։
Իսկ ահա ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն պետ Կարեն Բաբակեխյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ կատարվածը միանշանակ քաղաքականության հետ կապ չունի: Իսկ հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ սպանությունը խանդի հողի վրա է տեղի ունեցել, նա պատասխանել էր, որ դա վարկածներից մեկն է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ապրիլի 12-ին, Գյումրիում սպանություն է կատարվել, սպանվածը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր ընկերն է` 27-ամյա Կարեն Եսայանը: Նա առավոտյան դուրս էր եկել եւ չի վերադարձել: Կարենը գնացել էր ավտոլվացման կետ` մեքենան լվանալու: Կեսօրին ընտանիքի անդամները անհանգստացել եւ դիմել էին ոստիկանության Գյումրիի բաժին: Երեկոյան ժամը 20-ի սահմաններում ոստիկանները Սեւ Ղուլ թաղամասում հայտնաբերել էին «Մերսեդես» մակնիշի մեքենան եւ սպանված Կարեն Եսայանին մի քանի հրազենային վնասվածքներով: Մեր աղբյուրը նշել էր, որ ապրիլի 13-ին նա պետք է նշանվեր քաղաքապետի դստեր հետ: Իսկ ավելի ուշ ավտովթարի էր ենթարկվել եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործը քննող քննչական խմբի անդամ, ոստիկանության Շիրակի մարզային քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության փոխգնդապետ, 58-ամյա Վահրամ Բեյբությանը:




























