Թիվ 23 ԸԸՀ-ն քննարկել եւ ամբողջ ծավալով բավարարել է ՀԱԿ ներկայացուցիչ, 23-րդ ընտրատարածքում առաջադրված Վարդան Ջհանգիրյանի դիմում-բողոքը։ Այս մասին տեղեկացնում են թեկնածուի նախընտրական շտաբից՝ նշելով, որ որոշում է կայացվել եռօրյա ժամկետ տրամադրել խախտում թույլ տված թեկնածու Կարեն Բոթոյանին` դրանք վերացնելու համար։

Նշենք, որ ապրիլի 11-ին ՀԱԿ ներկայացուցիչ, մեծամասնական ընտրակարգով առաջադրված Վարդան Ջհանգիրյանի նախընտրական շտաբը դիմում-բողոք էր ներկայացրել թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ՕԵԿ-ի առաջադրած թեկնածու Կարեն Բոթոյանի կողմից նախըտրական քարոզչության սահմանված կարգի խախտումների վերաբերյալ:

Շտաբի տարածած հայտարարությունում նշված է նաեւ, որ ապրիլի 13-ին Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, թիվ 23 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Վարդան Ջհանգիրյանը Վարդենիսում հանդիպել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուի հետ: Հանդիպման ընթացքում գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկվել են ընտրական գործընթացներին վերաբերվող հարցեր` մասնավորապես նախըտրական շտաբի կողմից հայտնաբերված ընտրացուցակներում մեծածավալ թերությունների եւ քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած որոշ խախտումների մասին: Ինչպես նաեւ Վ. Ջհանգիրյանն ներկայացրել է իր շտաբի գործունեությունը: