Սիսիանի հոսպիտալում ապրիլի 7-ին  մահացած ժամկետային զինծառայող Հայկ Ղազարյանն աշնանը պետք է զորացրվեր եւ շարունակեր ուսումը Երեւանի տնտեսագիտության համալսարանում, բայց ցավոք սրտի բժիշկները գլխի չեն ընկել, որ նրա մոտ նման լուրջ հիվանդություն է  ի հայտ եկել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկի  հորեղբայրը` Քերոբ Ղազարյանը: Միաժամանակ նա նկատեց, որս սպասում են  դատաբժշկական փորձաքննության պատասխանին եւ երբ պաշտոնապես դատաբժշկական փորձաքննության պատասխանը  ստանան, նոր կկարողանան գնահատականեր տալ: «Գիտենք, որ խոսքը մինինգակոկ հիվանդության մասին է, որը շատ հազվագյուտ հիվանդություն է  եւ երեխաների մոտ է  լինում: Ավելին` այն հազվագյուտ դեպքերում է մեծերի մոտ առաջանում: Համենայնդեպս, Հայկը առողջ է եղել մինչեւ բանակ գնալը: Այդ իրիկուն  էլ պարապմունք է ունեցել հետախուզական վաշտում: Հիվանդությունը  նրա մոտ շատ արագ է զարգացել` 12 ժամում»: 

Հարազատներից նաեւ տեղեկացանք, որ այդ օրը Հայկը խոսել է ծնողների հետ, ամեն ինչ լավ է եղել: Այնինչ մեկ օրվա մեջ նման զարգացումներ են եղել: «16.30-ին է վատացել: Մինչ այդ պարզապես ջերմություն է  ունեցել»,- նկատեց Հայկի հորեղբայրը: Նա հավաստիացրեց, որ Հայկին համապատասխան բուժօգնություն ցուցաբերել են: «Սկզբում Հայկին բերել են զորամասի բուժկետ, որտեղ ընդամենը դիմեդրոլ են ներարկել, հետո հրաժարվել է այնտեղ պառկելուց, հետ է եկել  ու կրկին վատացել: Դրանից հետո բերել են բուժկետ ու անմիջապես տեղափոխել Սիսիանի հոսպիտալ: Պարզապես  ցավը այն է, որ գլխի չեն ընկել, որ նման լուրջ բան կարող էր լինել»,- հայտնեց Քերոբ Ղազարյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ապրիլի 7-ին Սիսիանի հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող Հայկ Ղազարյանը: ՊՆ լրատվական ծառայության աշխատակից Մուշեղ Աղեկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ Ղազարյանը զորակոչվել էր Վաղարշապատի զինկոմիսարիատից եւ ծառայություն էր անցնում Գորիսի զորամասում:  Դեպքի կապակցությամբ այլ մանրամասներ հայտնի չեն, հարուցվել էր քրեական գործ  քր.օր.-ի 376-րդ հոդվածի հատկանիշներով` «պետի կամ պաշտոնատար անձի  անփույթ վերաբերմունք  ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանք, որպես պատիժ նախատեսվում է ազատազրկում  3-6 տարի ժամկետով»: